19 մայիսի 2015 - 10:38 AMT
ՀԲ. Ադրբեջանը դժվար կացության մեջ է հայտնվել նավթից ստացվող եկամուտների նվազման պատճառով

Նավթի վաճառքից վերջին 10 տարում մեծ եկամուտներ ստացած Ադրբեջանն այժմ բախվել է այդ եկամուտների նվազման խնդրին և Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությանը: Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, այդ մասին ասված է Համաշխարհային բանկի կայքում տեղադրված խմբագրական հոդվածում:

Նավթի գների անկումը լարված իրավիճակ է ստեղծել Ադրբեջանում: Նավթի գինն Ադրբեջանի բյուջեում ամրագրված է 90 դոլարի մակարդակում, այն դեպքում, երբ համաշխարհային գներն այսօր տատանվում են 60 դոլարի սահմանում: Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ակադեմիկոս Զիյադ Սամեդզադեն Միլի մեջլիսի հայտարարեց. «Եթե իրավիճակը չփոխվի, բյուջեն մինչև տարեվերջ 6-7 մլրդ դոլար կկորցնի»:

Ադրբեջանի կառավարությունը տնտեսության դիվերսիֆիկացիա է իրականացնում, որպեսզի կրճատի երկրի կախվածությունը նավթային ոլորտից և խթանի մասնավոր սեկտորին՝ ընդլայնելով նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորությունը, հայտնում է Tert.am-ը:

Ադրբեջանական նավթային ոլորոտը խնդիրների ու աշխատատեղերի կրճատման շեմին է: Մասնավորապես, արդեն հաստատվել է, որ աշխատատեղերի զանգվածային կրճատումներ կիրականացնի Ադրբեջանում British Pertoleum (BP) նավթագազային ընկերությունը: Հստակ տվյալներ կրճատման ենթակա աշխատատեղերի մասին դեռ չկան:

Դրա համար, սակայն, ֆինանսական սեկտորը պետք է աճի և ավելացնի տնտեսությունը սպասարկելու ունակությունը: Դրա համար կարևոր են փոքր և միջին ձեռնարկություններն ու աշխատատեղերի ստեղծումը: Այդ գործընթացը, սակայն, ինչպես նախկինում, կաղում է:

Համաձայն 2014 թվականի Համաշխարհային բանկի զեկույցի՝ մանր ու միջին ձեռնարկատիրության 51%-ը բիզնեսի աճի համար ֆինանսավորում չունի։

Մեծ հավանականություն կա, որ Ադրբեջանի տնտեսությունը կարող է մեծ հարված ստանալ Եվրոպական խաղերից հետո, ինչպես ժամանակին խաթարվեց տնտեսական իրավիճակը Հունաստանում Օլիմպիական խաղերի ավարտին: Ապագայում Ադրբեջանում գնալով ավելի շատ կզգացվեն չարդարացված ծախսերը: Ըստ կանխատեսումների, Եվրոպական խաղերից սպասվող շահույթը չի գերազանցի 100 մլն դոլարը, ինչը ծախսածից շատ ավելի քիչ է, հայտարարել է տնտեսագետ, ադրբեջանական «Հանրապետական այլընտրանք» քաղաքացիական շարժման գործադիր քարտուղար Նատիգ Ջաֆարլին «Մինվալ.ազին»-ին տված հարցազրույցում: