Տուսկ. «Արևելյան գործընկերությունը» չպետք է «գեղեցկության մրցույթի» վերածվի ՌԴ և ԵՄ համար

Տուսկ. «Արևելյան գործընկերությունը» չպետք է «գեղեցկության մրցույթի» վերածվի ՌԴ և ԵՄ համար

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մեկնաբանել է «Արևելյան գործընկերության» ձևաչափը, որի մասնակից երկրների գագաթնաժողովը մայիսի 21-ին մեկնարկել է Ռիգայում: Ըստ Եվրախորհրդի ղեկավարի, ԵՄ ծրագիրը չպետք է վերածվի «գեղեցկության մրցույթի» և մրցակցության ասպարեզի «Ռուսաստանի և Եվրամիության միջև» Ուկրաինայում, Մոլդովայում, Ադրբեջանում և «Արևելյան գործընկերության» մյուս երկրներում ազդեցության ոլորտների համար:

«Սակայն պետք է ազնիվ լինեմ` գեղեցկությունը ևս նշանակություն ունի»,-հավելել է Տուսկը: Եթե Մոսկվայի քաղաքականությունը հարևան պետությունների հարցում «մի փոքր ավելի մեղմ լիներ, գրավիչ ու հմայիչ», Ռուսաստանը ստիպված չէր լինի «փոխհատուցել իր թուլությունները ապակառուցողական, ագրեսիվ ու ահաբեկող գործողություններով», հայտնում է DW-ն:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը ժամանել է Ռիգա գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, իր հերթին,ևս մեկ անգամ կրկնեց Բունդեսթագում ասած իր խոսքերն այն մասին, որ «Արևելյան գործընկերությունը» ԵՄ ընդլայնման գործիք չէ: Ըստ նրա, դա առաջին հերթին «ԵՄ հետ մերձեցման ձևաչափ է»: Եվրամիությունը պատրաստ է գործընկերների հետ հարաբերությունները կառուցելիս հաշվի առնել նրանց քաղաքականության մեջ և դիրքորոշումներում առկա տարբերությունները, բերում է կանցլերի խոսքերը AFP-ն: Դրանում է նրա «միանգամայն հստակ տարբերությունը Ռուսաստանից», եզրափակել է Մերկելը:

Ռիգայում մայիսի 21ին աշխատանքն է սկսել «Արևելյան գործընկերության» երկօրյա գագաթնաժողովը Եվրամիության առաջնորդների, ԵՄ անդամ 28 երկրների ղեկավարության, ինչպես նաև ծրագրի մասնկից վեց երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Գագաթնաժողովը հնարավորություն կտա գնահատելու առաջընթացը Բրյուսելի և նախաձեռնության մասնակից երկրների միջև հարաբերություններում 2013 թ. Վիլնյուսի գագաթնաժողովից հետո:

Գագաթնաժողովում կորոշվեն նաև հետագա քայլերը: Ակնկալվում է, որ ավարտին կընդունվի համատեղ հռչակագիր, որտեղ կնշվեն «Արևելյան գործընկերության» նվաճումները, գերակայություններն ու նպատակները մինչև հաջորդ գագաթնաժողով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---