Հայ մարզիկները՝ Բաքվի խաղերին. ԵՕԿ նախագահն ասում է՝ սպորտը հաղթեց քաղաքականությանը

Հայ մարզիկները՝ Բաքվի խաղերին. ԵՕԿ նախագահն ասում է՝ սպորտը հաղթեց քաղաքականությանը

PanARMENIAN.Net - Հունիսի 12-ից 28-ը Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին հայկական կողմի մասնակցությունը ցույց է տալիս, թե ինչպես սպորտը կարող է հաղթել քաղաքականությանը։ Այդ կարծիքին է Եվրոպական օլիմպիական կոմիտեի (ԵՕԿ) նախագահ Փաթ Հիքին: AFP-ին հարցազրույցում նա նշել է, որ խաղերին Հայաստանի մասնակցությունն ապահովելու հարցում իրեն օգնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը: Հիքիի բնորոշմամբ՝ Հայաստանի մասնակցությունը նշանակալի դիվանագիտական հաղթանակ է:

«Մենք նշանակալի ձեռքբերում ունեցանք` Հայստանին համոզելով մասնակցել խաղերին, իսկ Ադրբեջանին` ողջունել այդ մասնակցությունը: Անցած տարի ես մեկնեցի Երևան ու Թոմաս Բախի միջնորդությամբ կարողացա համոզել նրանց: Սա ապացուցում է, որ բազմաթիվ բնագավառներում սպորտը կարողանում է առաջ անցնել քաղաքականությունից»,- ասել է պաշտոնյան, գրում է Tert.am-ը:

Ըմբշամարտի մրցաշարին, որ տեղի է ունենալու հունիսի 13-18-ը, Հայաստանի 10 ըմբիշ է մասնակցելու՝ 4` հունահռոմեական, 6` ազատ ոճի: Ազատ ոճի Հայաստանի հավաքականը 6 քաշային կարգում կներկայացնեն Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիևը (86 կգ), գերծանր՝ 125 կգ քաշային կարգում՝ Լևան Բերիանիձեն:

Բաքու մեկնող ըմբշամարտի Հայաստանի պատվիրակության ղեկավար կազմում կլինեն ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, պատգամավոր Բազմասեր Առաքելյանը, մարզիչներից՝ Հովսեփ Հովսեփյանը, Դավիթ Սաֆարյանի անձնական մարզիչ Աբդուլա Մագոմեդովն, ինչպես նաև հավաքականի բժիշկ Արա Կարապետյանը:

Ձյուդո մարզաձևում Հայաստանը 3 մարզիկ կներկայացնի՝ Ժաննա Ստանկևիչը, Հովհաննես Դավթյանն ու Դավիթ Նիկողոսյանը: Բացի այդ, խաղերին Հայաստանը կմասնակցի հրաձգություն, թեքվանդո, սամբո ու բռնցքամարտ մարզաձևերում:

Եվրոպական օլիմպիական խաղեր անցկացնելու մասին որոշումը կայացվել էրՀռոմում՝ ԵՕԿ գլխավոր ասամբլեայի ժամանակ: 2015-ին Ադրբեջանում անցկացվող խաղերն առաջինն են: Բաքուն այդ հնարավորությունը ստացել էր որպես հայտ ներկայացրած միակ քաղաք: Բաքուն «նոր Օլիմպիական խաղերի» մայրաքաղաք է ընտրվել փակ քվեարկությամբ: Ասամբլեային ներկա էին նաև Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները, որոնք հրաժարվել էին մասնակցել քվեարկությանը:

Ավելի վաղ Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ասել էր, որ ընդհանուր առմամբ խաղերի Հայաստանից մոտ 25 մարզիկ կմասնակցի, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։ ՀԱՕԿ-ը նաև հաստատել էր նախապես հայտարարված 6 սպորտաձի ներկայացուցիչներն մասնակցության մասին տեղեկությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---