«Ռոսատոմում» ՀԱԷԿ-ի շահագործման երկարաձգումը շահավետ և հաջող նախագիծ են համարում

«Ռոսատոմում» ՀԱԷԿ-ի շահագործման երկարաձգումը շահավետ և հաջող նախագիծ են համարում

PanARMENIAN.Net - Մեծամորի ԱԷԿ-ի էներգաբլոկների աշխատանքի երկարացման նախագիծն այսօր չի սկսել, այն արդեն բավականին երկար ժամանակ բավականին հաջող զարգանում է, և այսօր հաստատ այն օրը չէ, երբ պետք է տեղի ունենար մի գերշրջադարձային փուլ այդ նախագծում:

Այս մասին Մոսկվայում ընթացող «Atomexpo-2015» 7-րդ միջազգային ֆորումի ժամանակ Tert.am-ի թղթակցին ասաց «Ռոսատոմ» ընկերության միջազգային բիզնեսի և զարգացման հարցերով տնօրեն Կիրիլ Կոմարովը, ի պատասխան հարցի, թե Մեծամորի ատոմային էլեկտրակայանը և «Ռոսատոմ»-ը պետք է ստորագրեին պայմանագիր Մեծամորի ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործումը երկարաձգելու մասին, ստորագրվե՞լ է այդ պայմանագիրը, եթե ոչ, ապա ինչո՞ւ:

«Իրականում այդ նախագծի իրականացման համար բոլոր հիմնական որոշումները կայացվել են անցած տարվա վերջին, երբ ստորագրվել է միջկառավարական համաձայնագիր Ռուսաստանի և Հայաստանի միջև այն մասին, որ Ռուսաստանն օգնում է Հայաստանին Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու հարցում: Ավելի ուշ, ինչպես գիտեք, ստորագրվել է միջկառավարական համաձայնագիր այն մասին, որ Ռուսաստանը կտրամադրի այդ նպատակների համար ընդհանուր մոտ 300 միլիոն դոլարի միջպետական վարկ և դրամաշնորհ»,-ասաց Կիրիլ Կոմարովը, հայտնում է Tert.am-ը:

Նա նշեց, որ իրենց համար ամենագլխավորը այդ նախագծի իրականացումը սկսելու համար եղել է այն, որ Հայաստանի խորհրդարանը վավերացրել է համաձայնագիրը և այն այժմ ուժի մեջ է մտել:

«Ռուսաստանում մեր սահմանադրությունը չի պահանջում վավերացում, Ռուսաստանի կողմի համար դրանք ուժի մեջ են մտել անմիջապես ստորագրվելուց հետո: Մենք սպասում էինք Հայաստանի կողմից վավերացմանը, այդ պատճառով այժմ չկան որևէ խոչընդոտներ այդ նախագիծն իրականացնելու համար»,–ասաց «Ռոսատոմ»-ի բիզնեսի և զարգացման հարցերով տնօրենը։

Ըստ նրա՝ իրականում մեծ ծավալի աշխատանք է իրականացվել դեռևս անցած աշնանը այդ փաստաթղթերը ստորագրելուց առաջ. «Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն այնքան գործընկերային են և բարեկամական, որ մենք հասկանում ենք, թե ինչ կարևոր է ճիշտ ժամանակին ավարտել ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետների երկարաձգման ուղղությամբ բոլոր աշխատանքները: Մենք մի շարք աշխատանքներ, որոնք կապված են եղել կայանում իրավիճակի գնահատման հետ, փաստաթղթերի պատրաստումը սկսելու հետ, որոնք անհրաժեշտ կլինեն շահագործման ժամկետները երկարաձգելու հիմնավորման համար, փաստացիորեն սկսել ենք անել դեռևս անցած աշնանը»:

Կիրիլ Կոմարովի խոսքով՝ անհանգստանալու կարիք չկա, նախագիծը հաջողությամբ ընթանում, իրականացվում է. «Հայաստանը հաստատ չի մնա առանց այդ բլոկի, մենք հասկանում ենք, թե ինչքան կարևոր է Հայաստանի համար, քանի որ այն արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մոտ 25 տոկոսը։ Ռուսաստանն իր կողմից, «Ռոսատոմը» իր բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի ժամկետներում պատրաստի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ժամկետները երկարաձգելու հետ հիմնավորելու և անվտանգության հետ կապված փաստաթղթերը, որոնք կնկարագրեն, թե ինչ է անհրաժեշտ անել կայանում, ինչ աշխատանքներ հավելյալ վերանորոգման համար, ինչ աշխատանքներ սարքավորումների փոփոխության համար, որպեսզի կայանը կարողանա հետագայում էլ շարունակել 5-10 գուցե և 15 տարվա ընթացքում հաջողությամբ աշխատել և Հայաստանի համար էլեկտրաէներգիա արտադրել»։

«Ռոսատոմ» ընկերության միջազգային բիզնեսի և զարգացման հարցերով տնօրենն ի ամփոփումն նշեց, որ դա իր կարծիքով կլինի շատ շահավետ նախագիծ, որովհետև իհարկե ավելի էժան կլինի, քան նոր բլոկ կառուցելը: Ավելի վաղ «Ռոսատոմ»-ի կապիտալ ներդրումների գծով փոխտնօրեն Պյոտր Ստեպաևը հայտարարեց, որ Մեծամորի ատոմակայանի անվտանգության վերաբերյալ Թուրքիայի իշխանությունների մտահոգությունները տեղին չեն, քանի որ ատոմակայանը միանգամայն անվտանգ է:

«Ոչ, այդ մտահոգություններն անհիմնն են: Մեծամորի ատոմակայանը շահագործվում է նույն տեխնիկական սկզբունքներով, ինչ Վորոնեժի ատոմակայանը»,- ասել էր նա ի պատասխան այն հարցի, թե ինչպես է գնահատում այն, որ Թուրքիայի իշխանությունները պարբերաբար իրենց մտահոգությունն են հայտնում՝ կապված Մեծամորի ատոմակայանի անվտանգության հետ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---