Գլխավոր սպառնալիքներն ըստ Մերկելի. Ղրիմ, Էբոլա և «Իսլամական պետություն»

Գլխավոր սպառնալիքներն ըստ Մերկելի. Ղրիմ, Էբոլա և «Իսլամական պետություն»

PanARMENIAN.Net - ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը G7 գագաթնաժողովի շեմին հրապարակել է համաշխարհային հանրությանը սպառնացող գլխավոր վտանգները: Ինչպես գրել է կանցլերը Globe and Mail թերթում հրապարակված հոդվածում, պետությունների և կառավարությունների ղեկավարները հիմնական խնդիրները կքննարկեն Բավարիայում կայանալիք հանդիպմանը:

Ըստ նրա, «Մեծ յոթնյակին» մտահոգում է ոչ միայն անդամ պետությունների բարգավաճումն ու տնտեսական կայունությունը, այլ նաև ընդհանուր արժեքները, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պահպանումը: «Միթե կարելի էր պատկերացնել, որ սառը պատերազմից 25 տարի անց կարգը Եվրոպայում կխախտվի Ղրիմի բռնակցմամբ: Կամ` որ Էբոլա վիրուսի տարածումը կկարողանա արգելակել աֆրիկյան երկրների զարգացումը, իսկ Մերձավոր Արևելքում իսլամիստական ահաբեկչական խմբավորումը կփորձի խալիֆատ ստեղծել երկու պետությունների տարածքում»,-գրել է Մերկելը:

ԳԴՀ կանցլերը վստահություն է հայտնել, որ այդ բոլոր հարցերը, որոնք օրակարգում են, «համաշխարհային հանրության պատասխանն են պահանջում»: «Այնուամենայնիվ, գագաթնաժողովում կքննարկվեն նաև այլ հարցեր, որոնք չեն վերաբերում ճգնաժամային դիվանագիտությանը»,-ասել է նա: Մասնավորապես, հանդիպմանը նախատեսվում է քննարկել աշխարհում ստեղծված տնտեսական իրավիճակը: «Մեր նպատակներն ուղղված են մարդկանց կենսամակարդակի բարելավմանը: Դրան հնարավոր կլինի հասնել միջազգային առևտրի զարգացման դեպքում, որը հիմնված է բարձր սոցիալական և բնապահպանական չափանիշների վրա, ինչպես նաև մեծ ներդրումների միջոցով»,-հավելել է Մերկելը, հայտնում է Lenta.ru-ն:

Հունիսի 1-ին Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը սխալ համարեց ՌԴ նախագահ Պուտինին «Մեծ յոթնյակի» հավաքին չհրավիրելը: «Ռուսաստանն այլընտրանք ունի Եվրոպային: Հակառակ կողմից դա այդպես չէ»,-ասել է նա: Ըստ նրա, Ուկրաինայի հարցում երկու կողմերը մեծ սխալներ գործեցին: Սակայն, տարաձայնությունների առկայության դեպքում դրանք քննարկել է պետք, դա կարելի էր անել առաջիկա գագաթնաժողովում: Ավելի վաղ Անգելա Մերկելը հայտարարել էր, որ վերադարձը G8 ձևաչափին անհնար է, քանի դեռ Ռուսաստանը չի «պահպանում հիմնական ժողովրդավարական արժեքները»:

«Մեծ ութնյակի» ձևաչափը (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Ճապոնիա, Իտալիա և Կանադա) դադարեց գործել 2014-ի մարտին, երբ Ռուսաստանին հեռացրին խմբից: G7 գագաթնաժողովը տեղի ունեցավ 2014-ի հունիսին Բրյուսելում:

G7 առաջիկա գագաթնաժողովը տեղի կունենա Գերմանիայում «Էլմաու» բավարական դղյակում հունիսի 7-8-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---