Ավստրալիայի ԱԳ նախարար. «Իսլամական պետությունը» մտադիր է քիմզենք արտադրել (թարմացված)

Ավստրալիայի ԱԳ նախարար. «Իսլամական պետությունը» մտադիր է քիմզենք արտադրել (թարմացված)

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը բարձր որակավորում ունեցող մասնագետների է հավաքագրում քիմիական զենքի արտադրության համար և արդեն քլոր է կիրառում Իրաքում հարձակումների ժամանակ: Նման կարծիք է հայտնել Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլիա Բիշոփը, հայտնել է հունիսի 6-ին The Australian-ը:

Ըստ նրա, առաջին հերթին գրոհայիններին հետաքրքրում են պրոֆեսիոնալներն Արևմուտքի երկրներից: «Քլորի կիրառումը, մասնագետների հավաքագրումը մատնանշում են ԻՊ լուրջ ջանքերն, ուղղված քիմիական զենքի ստեղծմանը»,-հայտարարել է Բիշոփը` նշելով, որ սկզբից այն կիրառվելու է Իրաքում և Սիրիայում:

Ավստրալիայի ԱԳՆ ղեկավարը նաև ասել է, որ «ԻՊ նման ահաբեկչական խմբավորումների աճը ամենալուրջ սպառնալիքներից է աշխարհի անվտանգությանը»: «Հաստատված կարգը խախտելու իրենց խենթ մղումներով նրանք պատրաստ են ցանկացած միջոցների դիմել, այդ թվում նաև քիմիական զենք օգտագործել»,-հավելել է Բիշոփը, հայտնում է Լենտա.ռու-ն:

Մինչդեռ հունիսի 6-ին հայտնի դարձավ, որ «Իսլամական պետությունը» գրավել է Լիբիայի Հարավա քաղաքը, հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը:

Ըստ գործակալության, իսլամիստները համապատասխան իրազեկում են արել սոցցանցերում: Ռազմական աղբյուրը հաստատել է քաղաքի գրավման լուրը` հայտարարելով, որ գրոհայինները վերահսկում են բոլոր կառավարական շենքերը: Մայիսիի վերջին ԻՊ գրոհայինները հսկողություն հաստատեցին Լիբիայի հյուսիսում գտնվող Սիրտ քաղաքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հունիսի 3-ին հայտնի դարձավ, որ «Իսլամական պետության» գրոհայինները փակել են Եփրատի ամբարտակը` առաց խմելու ջրի թողնելով Իրաքի հարավային գավառները: Ըստ երկրի իշխանությունների, դա արվել է գրոհայինների տեղաշարժը դեպի Ռամադի հեշտացնելու համար: Գետը բնական արգելք էր դեպի քաղաք իսլամիստների ճանապարհին:

Դեկտեմբերի կեսին Սիրիայի կառավարությունը հայտնեց Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը, որ «Իսլամական պետության» գրոհայինները գրավել են քլոր պարունակող նյութերի համար նախատեսված արդյունաբերական օբյեկտները:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

Իսլամիստների դեմ միջազգային կոալիցիան գլխավորող ԱՄՆ-ն ռմբակոծում է Իրաքի տարածքում գտնվող ԻՊ դիրքերը օգոստոսի կեսից, իսկ առաջին հարվածները Սիրիայի տարածքին հասցվեցին սեպտեմբերի 23-ին: Սեպտեմբերի 26-ին Պենտագոնը հանդես եկավ Իրաքում ու Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու օգտին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---