Հակառակորդը կրակել է Տավուշի ուղղությամբ. Բաղանիս գյուղը նյութական վնաս է կրել (թարմացված)

Հակառակորդը կրակել է Տավուշի ուղղությամբ. Բաղանիս գյուղը նյութական վնաս է կրել (թարմացված)

PanARMENIAN.Net - Հունիսի լույս 9-ի գիշերը հակառակորդը կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ, որոնց արդյունքում գյուղը նյութական վնասներ է կրել: Գյուղապետ Նարեկ Սահակյանի խոսքով, կրակոցները եղել են ժամը 00:30-ի սահմաններում, գրում է Panorama.am-ը.

«Հիմա լավ է ամեն ինչ, գիշերն ուղղակի հակառակորդը կրակոցներ է արձակել, մեր գյուղացիներից մեկի լուսամուտափեղկն է վնասվել ու ապակին է ջարդվել»,- նշել է գյուղապետը:

Վերջինս նաև ավելացրել է, որ փետրվարից Բաղանիսում հարաբերական խաղաղ էր, գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել:

Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ ադրեջանական կողմի գնդակոծության վերջին դեպքը փետրվարի 6-ին էր, որի հետևանքով վնասվել էր գյուղի 2 առանձնատան տանիք և համայնքը սնուցող բնական գազի խողովակը:

Այդ գնդակոծությունների արդյունքում ավելի շատ վնաս էին կրել Ներքին Կարմիրաղբյուր և Ագյեպար համայնքները, դպրոցներում դադարեցվել էին դասերը գնդակոծության վտանգի, ինչպես նաև գազատարի վնասման պատճառով, ինչի հետևանքով դպրոցի շենքն առանց ջեռուցմնամ էր մնացել:

Ադրբեջանական կողմի գնդակոծության պատճառով զոհվել էր Ներքին Կարմիրաղբյուր գյուղի 61-ամյա բնակիչը:

Անդրադառնալով կրակոցներին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանըլրագրողների հետ զրույցում նշել է, որ այս ամենը մեկ անգամ ևս պարտավորեցնում է հայկական կողմին ավելի հետևողականորեն վերահսկել իրավիճակը, հետևություններ անել և սառնասիրտ որոշումներ կայացնել` պատրաստ լինելով ցանկացած զարգացման:

«Սովորական, ամենօրյա գնդակոծություններ են, որոնք ոչ մի արդյունք չեն ունեցել: Վերջին ժամանակահատվածում մեր սահմաններում և ԼՂՀ-ում իրավիճակը հանգիստ է, վերահսկելի ՀՀ և ԼՂՀ պաշտպանության բանակի, զինված ուժերի կողմից, այնպես որ, կարող ենք հանգիստ լինել»,- նախարարի խոսքը մեջբերում է «Այսօր»-ը:

Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքին անդրադառնալով՝ նախարարը ևս մեկ անգամ շեշտել է, որ հայկական կողմը միշտ արել է այնպես, որ պահպանի հրադադարի ռեժիմը, ինչը չի կարելի ասել ադրբեջանական կողմի մասին:

«Հայ զինվորը խաղաղության զինվոր է, և նա ամեն ինչ անում է, որպեսզի ստեղծվի այդ զսպման մեխանիզմը, մեր սահմաններում խաղաղություն տիրի, իսկ ամենակարևորը՝ վստահության մակարդակ ստեղծի»,- նշել է Սեյրան Օհանյանը՝ եզրափակելով, որ դա է ամենաէականը բանակցային գործընթացում առաջընթաց ունենալու համար:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---