Բաքուն թույլ չի տվել Guardian-ին լուսաբանել Եվրոպական խաղերը

Բաքուն թույլ չի տվել Guardian-ին լուսաբանել Եվրոպական խաղերը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կառավարությունը արգելել է բրիտանական Guardian-ին, ինչպես նաև մի շարք այլ լրատվամիջոցների և իրավապաշտպանների՝ Եվրոպական խաղերի բացումը լուսաբանելու նպատակով մուտք գործել երկիր։

Առաջին Եվրոպական խաղերը կմեկնարկեն Ադրբեջանում հունիսի 12-ին կառավարության աննախադեպ հետապնդումների ֆոնին: Իշխանությունները ձերբակալել են կառավարության տասնյակ քննադատների և թույլ չեն տալիս հիմնական եվրոպական կենտրոնների լրագրողներին մուտք գործել երկիր խաղերը լուսաբանելու համար: Նրանք նաև արգելել են Amnesty International կազմակերպությանը մամուլի ասուլիս հրավիրել Բաքվում:

Հունիսի 12-ին մեկնարկող խաղերին մասնակցում է 50 երկրից մոտ 6000 մարզիկ։ Մեծ Բրիտանիան 160 մարզիկ է ուղարկել Բաքու, որոնց թվում է օլիմպիական չեմպիոն, բռնցքամարտիկ Նիկոլա Ադամսը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Եվրոպական խաղերը լուսաբանելու հավատարմագրման համար դիմել էր Guardian-ի ավագ սպորտային լրագրողը։ Դիմումը սկզբում հաստատվել էր, սակայն հունիսի 11-ի առավոտյան՝ բրիտանացի լրագրողի թռիչքից երեք ժամ առաջ, հայտնի է դարձել, որ նրա դիմումը մերժվել է, և Guardian-ը չի կարող մուտք գործել Ադրբեջան։

Պարբերականում կարծում են, որ այս որոշումը կապ ունի դեկտեմբերին Եվրոպական խաղերի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ իրենց հոդվածի հետ, որում ասվում էր, թե ընդդիմությանը և խոսքի ազատությունը ճնշող Ադրբեջանում միաժամանակ փորձում են ընդլայնել միջազգային սպորտային միջոցառումների պորտֆոլիոն։

Հունիսի 10-ին Բաքվի օդանավակայանում վտարվեց երկրից Red Pepper հանդեսի խմբագիր, հասարակական ակտիվիստ և լրագրող Էմմա Հյուզը, որը հավատարմագրված էր խաղերը լուսաբանելու համար: Ավելի վաղ նա կոչ էր արել ազատ արձակել կառավարության ընդդիմախոսներին, իսկ իր գրքում քննադատել էր Ադրբեջանի կառավարությանը:

Հունիսի 10-ին Amnesty International-ը հայտնեց, որ իր պատվիրակներին թույլ չեն տվել մուտք գործել Բաքու, որտեղ նրանք հատուկ զեկույց պետք է ներկայացնեին: HRW-ն մշտապես կոչ է արել Եվրոպական օլիմպիական կոմիտեին պաշտոնական Բաքվի առջև բարձրացնել բոլոր այս հարցերը, սակայն ըստ էության պատասխան չի ստացել:

2014-ից ի վեր իշխանությունները հետապնդել և ձերբակալել են առնվազն 35 լրագրողի, իրավապաշտպանի ու քաղաքական ակտիվիստի անհիմն մեղադրանքներով: Մյուսներին դա ստիպել է փախչել երկրից կամ անցնել ընդհատակ: Կառավարությունը նաև սառեցրել է տասնյակ անկախ ՈԿԿ-ների բանկային հաշիվները` անհնարին դարձնելով նրանց աշխատանքը մարդու իրավունքների ոլորտում, ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:

Ավելի վաղ Եվրախորհրդարանում Գերմանիայի ներկայացուցիչ Մարիետ Շաակեն կոչ արեց գործընկերներին ու Եվրոպայի քաղաքական գործիչներին բոյկոտել Եվրոպական խաղերն ու հրաժարվել մասնակցությունից այդ միջոցառմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---