12 հունիսի 2015 - 16:24 AMT
«Հայտնիները՝ հայ լուսանկարիչների աչքերով». Հայազգի լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդես է

«Երևանյան ամառ-2015» եռամսյա միջոցառումների շրջանակում հունիսի 12-ին «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում կբացվի «Հայտնիները՝ հայ լուսանկարիչների աչքերով» ցուցահանդեսը՝ նվիրված լուսանկարիչների միջազգային օրվան: Մուտքն անվճար է լինելու, իսկ գործելու է այն մոտ մեկ ամիս, տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Ցուցահանդեսում ներկայացված են 19-րդ դարավերջի և 20-րդ դարի հայազգի մոտ 20 լուսանկարչի աշխատանքներ, ովքեր, հաստատվելով այլ երկրներում, զգալի ներդրում են ունեցել այդ մշակութային կյանքում:

Նրանցից կարելի է առանձնացնել Աբդուլահ եղբայրներին, Անտուան Սևրուգինին, Յուսուֆ Քարշին, Արթո Գավուքին, Արա Գյուլերին, Հովհաննես Քյուրքչյանին, Գեղամ Թարվերդյանցին, Անդրանիկ Քոչարին:

Հայտնի այս արվեստագետները լուսանկարել են պետությունների առաջին դեմքերի, հոգևոր առաջնորդների, տարբեր ոլորտներում հանրաճանաչ մարդկանց, ինչպես նաև այսօր փաստավավերագրական մեծ արժեք ներկայացնող բացառիկ տեսարաններ:

Ցուցահանդեսն Անդրանիկ և Վահան Քոչարների անձնական հավաքածուից է: Վահան Քոչարի ցանկությամբ` հավաքածուն կնվիրաբերվի Երևանի պատմության թանգարանին:

«Երևանյան ամառը» եռամսյա միջոցառումների ծրագիր է, որը քաղաքապետարանն անցկացնում է հունիսի 1–ից: Ծրագիրը հագեցած է մշակութային միջոցառումներով, ցուցահանդեսներով, շնորհանդեսներով, համերգներով, ցուցադրություններով ու փառատոներով։