«Տերտերյանի ժամանակը». Արվեստների յուրօրինակ փառատոն՝ Սևանի ափին

«Տերտերյանի ժամանակը». Արվեստների յուրօրինակ փառատոն՝ Սևանի ափին

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում հուլիսի 29-ին կանցկացվի արվեստների յուրօրինակ փառատոն՝ «Տերտերյանի ժամանակը» ընդհանուր խորագրով: Փառատոնի կազմակերպիչները տեղեկացնում են, որ միջոցառման բովանդակությունը պատահական չէ և պայմանավորված է անձամբ կոմպոզիտորի երազանքով՝ Սևանի ափին անցկացնել ժողովրդական տոնախմբություն, որտեղ «երաժշտության տիեզերական ոգին ասես միաձուլվում է վեհապանծ լեռների և կապուտակ լճի չնաշխարհիկ բնապատկերին»:

Ցերեկը պատարագն է, այնուհետև սպասվում են ժողովրդական արհեստների նմուշների ցուցադրություն, գրական հանդիպումներ, գեղարվեստական ցուցահանդեսներ, ֆոլկլորային համույթների մասնակցություն:

«Իսկ երեկոյան, մթնշաղի և լռության իջնելուն պես,- կարդում ենք «Երկխոսություններ Ավետ Տերտերյանի հետ» գրքում,- իր տիրապետությանը կանցնի երաժշտությունը: Դա կլինի ձայնի ցնծություն, երաժշտություն՝ հնչող Սևանի ափին, Հայրավանք եկեղեցու պատերի մոտ, լազերային լուսավորության ֆոնին, և երաժշտություն կամերային մթնոլորտում, իմ նորակառույց տան հատուկ այդ նպատակով սարքավորված դահլիճում: Հուսով եմ, որ կգտնվեն մարդիկ՝ օժտված կազմակերպչական տաղանդով, ովքեր կաջակցեն այդ գաղափարի իրականացմանը»:

«Տերտերյանի ժամանակը» փառատոնը կմիավորի տարբեր սերունդների ներկայացուցիչների ստեղծագործական աշխատանքների ցուցադրությունները, ամենաերիտասարդ մասնակիցները` «Բաարդիա» պարային ստուդիայի սաները, կխաղան Տերտերյանի երաժշտությամբ «Վակուում» ներկայացումը: Երևանի և Եկատերինբուրգի գեղարվեստական դպրոցների սաները կներկայացնեն իրենց գծանկարչական և գեղանկարչական աշխատանքները:

Եկատերինբուրգից Սևան կժամանի Սվերդլովյան ֆիլհարմոնիայի Լարային քառյակը՝ հատուկ հայկական ծրագրով: Քառյակի ելույթը, որը կկատարի Կոմիտասի ստեղծագործությունները՝ Ս. Ասլամազյանի հայտնի մշակմամբ, կբացվի փառատոնի վերջին՝ երաժշտական գործողությունը, որտեղ կհնչեն Տերտերյանի ժամանակակիցների և ընկերների՝ հայտնի հայ կոմպոզիտորներ Ջիվան Տեր-Թադևոսյանի և Էդգար Հովհաննիսյանի սիմֆոնիկ երկերը: Որպես եզրափակիչ ակորդ կկատարվի Ավետ Տերտերյանի Երրորդ սիմֆոնիան:

Հայ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի երաժշտությունը բազմազան չէ։ Նա առավելապես հայտնի է իր սիմֆոնիկ երաժշտությամբ։ Նրա սիմֆոնիաներն իրենց նորարարական մեծ խիզախությամբ և հայկական հոգևոր երաժշտության մոնոդիաների ինքնատիպ կիրառմամբ նոր խոսք էին ոչ միայն հայկական կոմպոզիտորական արվեստում, այլև սովետական և համաշխարհային երաժշտության մեջ (որոշ սիմֆոնիաներում Տերտերյանն օգտագործել է դուդուկ, զուռնա, թառ և այլն)։ Կոնսերվատորիայում սովորելու տարիներին Ավետ Տերտերյանը ստեղծել է հիմնականում վոկալ և գործիքային ստեղծագործություններ, թավջութակի սոնատ, որը բարձր գնահատվեց մոսկովյան երիտասարդ կոմպոզիտորների ստուգատեսում։

Տերտերյանի դիպլոմային աշխատանքը «Հայրենիքը» հինգմասանի շարք է նվագախմբի, սոպրանոյի և բարիտոնի համար (Հ. Թումանյանի և Հ. Շիրազի խոսքերով)։ «Հայրենիք», այնուհետև «Հեղափոխություն» վոկալ-սիմֆոնիկ շարքերին հետևեց լարային կվարտետի ստեղծումը։ Այստեղից է սկիզբ առել կոմպոզիտորի ուրույն գրելաոճը։ Նա հրաժարվել է դասական հարմոնիայի համակարգից և նրա պարտադիր կանոններից։ Նրա ոճը միաձուլված է արտասահմանյան ավանգարդիզմի և ազգային երաժշտության հետ։ Տենրտերյանի համար մեկ հնչյունը ամբողջ թեմայի նշանակություն ունի, երաժտությունը կարող է ստեղծել և ապրեցնել այդ մեկ հնչյունով։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---