«Թատրոն-ԻՔՍ» 8-րդ հանրապետական փառատոնի մեկնարկը՝ Բյուրականում

«Թատրոն-ԻՔՍ» 8-րդ հանրապետական փառատոնի մեկնարկը՝ Բյուրականում

PanARMENIAN.Net - Ազգային թատերական ստեղծագործական միավորումը հունիսի 15-30-ը անցկացնում է «Թատրոն-ԻՔՍ» 8-րդ հանրապետական փառատոնը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Փառատոնը կմեկնարկի «Մասնագիտական խոսքի սպասումով» խորագիրը կրող քննարկումով, որը տեղի կունենա հունիսի 15-ին՝ ժամը 14:00-ին, Բյուրականի արվեստի ակադեմիայում, տեղեկացնում է մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դրան կմասնակցեն արվեստի տարբեր բնագավառների ներկայացուցիչներ՝ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանը, Ազգային թատերական ստեղծագործական միավորման և «Թատրոն-ԻՔՍ» փառատոնի նախագահ Արա Խզմալյանը, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը, գրող, թարգմանիչ Հակոբ Մովսեսը, ԵԹԿՊԻ-ի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը, մշակութաբան Վարդան Ջալոյանը։

Բյուրականում քննարկմանը կհաջորդի մշակութային ծրագիրը։

Փառատոնի ընթացքում Հայաստանի մոտ 17 թատրոն ներկայացումներ են խաղալու, որոնց թվում են Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի «Երեք խոզուկ», Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Չորս պատճառ ամուսնության համար», Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Դեպք մետրոյում», Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի «Թե ինչպես չբեմադրվեց Յասմին Ռեզայի «Պատահականության մարդը»:

«Թատրոն-ԻՔՍ»-ը Երևանում անցկացվող ամենամյա հանրապետական թատերական փառատոն է, որը հիմնադրվել է 2008-ին Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնությամբ ու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի ձևաչափի համաձայն՝ յուրաքանչյուր ներկայացումից հետո տեղի է ունենում բաց քննարկում, որին կարող են մասնակցել ոլորտի մասնագետները, ուսանողներ, շահագրգիռ կազմակերպություններ և հանդիսատեսը։ Փառատոնի նախագահն է Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ Արա Խզմալյանը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---