Արտերկրում պետության հաշվին զինվորների բուժման օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Արտերկրում պետության հաշվին զինվորների բուժման օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քվերակության է դրվել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագիծը, որով նախատեսվում է զինվորական ծառայության ընթացքում հիվանդություն կամ խեղում ստացած զինծառայողների բուժումն արտերկրում իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին՝ ընդունվել է 113 կողմ, 0 դեմ ու ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Դրա հեղինակներն անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանն են, օրակարգում էլ այն ներառված էր հատուկ ընթացակարգով:

ՀՀ կառավարությանն առաջարկվել էր մարտական պայմաններում զինվորական ծառայություն իրականացնող զինծառայողների հետ կապված խնդիրներին առաջնային լուծում տալու համար օտարերկրյա պետությունում բուժում ստանալու հնարավորություն ընձեռնել մարտական հերթապահություն իրականացնելիս վիրավորված կամ վնասվածք ստացած զինծառայողներին՝ պետբյուջեի միջոցների հաշվին:

Կառավարության մայիսի 22-ի նիստում նախագիծը ներկայացնող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել էր, որ կիսում են պատգամավորի մտահոգություններն ու առաջարկում նախագիծը հաստատել հետևյալ փոփոխություններով՝ զինծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության` Հայաստանի տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում` զինծառայողի բուժումն իրականացվում է օտարերկրյա պետությունում:

Հայաստանից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարը հատկացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին` ՀՀ կառավարության սահմանած կարգով և պայմաններով: Օտարերկյա պետությունում բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու իրավունքից օգտվում են մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողները, բացառությամբ եթե ստացած վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետևանքով ծագած հիվանդությունը նրանց կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է: Այն դեպքերում, երբ զինծառայողի բուժումը օտարերկրյա պետությունում կազմակերպելու համար անհրաժեշտ է ուղեկցող անձիառկայություն, ապա հատուցվում է նաև ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցությունը օտարերկրյա պետությունում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---