40  23.06.15 - Հունիսի 23. Բողոքի ցույց ընդդեմ էլերկտրաէներգիայի թանկացման

Գիշերը Երևանում խաղաղ էր. Ոստիկանները չեն փորձել ցրել ցույցը

Գիշերը Երևանում խաղաղ էր. Ոստիկանները չեն փորձել ցրել ցույցը

PanARMENIAN.Net - Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքի ցույցի մասնակիցները հունիսի լույս 24-ի գիշերն անցկացրել են Բաղրամյանի պողոտայում: Գիշերը խաղաղ է անցել, ոստիկանությունը ցույցը ցրելու փորձեր չի ձեռնարկել: Պիկետի մասնակիցները, իրենց հերթին «բարիկադներ են» սարքել մեծ աղբամաններից: Ցուցարարները փակել են փողոցը և վստահեցնում են, որ մնալու են այնքան ժամանակ, քանի դեռ չի բավարարվել իրենց պահանջը՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշման կասեցում, գրում է Panorama.am-ը:

Վաղ առավոտյան ցուցարարները կազմակերպված հավաքել են պիկետի անցկացման վայրում կուտակված աղբը:

Առավոտյան ժամը 10-ին Երևանի փոխոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հայտնել է, որ իրենք ցուցարարներին ցրելու օպերացիա չեն իրականացնի, գրում է Tert.am-ը: Ոստիկանները ցուցարարների Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածը մինչև առավոտյան 10-ը բացելու համար ժամանակ էին տվել: Գիշերը եղավ առաջարկ` հանրահավաք-նստացույցը տեղափոխել Ազատության հրապարակ, սակայն այս տարբերակը ևս մերժվել է:

ՈստիկաններըԵրևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ղեկավարությամբ ստուգումներ են իրականացրել Բաղրամյան պողոտայում տեղադրված աղբամաններում: Նրանք նշում էին, որ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն՝ աղբամաններում քարեր կան:

Ցուցարարները պնդել են, թե դա շինարարական աղբ է, որի հետ իրենք ոչ մի կապ չունեն:

«Մենք ընդամենը եկել ենք ստուգումներ անելու»,-ասել է Օսիպյանը,-«Թող ոչ մեկը վատ չզգա, այդ թվում հավաքի մասնակիցներից, քանի որ սա բոլորի անվտանգությունն է, այդ թվում՝ իրենց»,-հայտարարել է նա:

Ազատության հրապարակում հունիսի 23-ին երեկոյան վերսկսվել է էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ «Ո՛չ թալանին» նախաձեռնության հանրահավաքը: Պահանջը նույնն է՝ չեղարկել էլէներգիայի սակագնի բարձրացման մասին ՀԾԿՀ որոշումը:

Գիշերը ցույցին են միացել շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչներ, տարբեր քաղաքական կուսակցություններից պատգամավորներ, այդ թվում՝ իշխող ՀՀԿ-ից, որոնք կենդանի պատ են կազմել ցուցարարների և ոստիկանության միջև` բացառելու համար բռնությունը: Ցուցարարների դժգոհությունն է առաջացել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ներկայությունը:

Ինչպես հայտնել է «Նովոստի-Արմենիան», իրավապահ մարմինները հույս ունեն, որ Աժ պատգամավորները կմիջնորդեն, ասել է Երևանի ոստիկանապետ, գեներալ մայոր Աշոտ Կարապետյանը:

«Հուսով ենք, որ պատգամավորները կհամոզեն ցուցարարներին բացել պողոտայի երթևեկելի մասը: Հուսով ենք, որ բանակցություննները հաջող կընթանան»,-ասել է նա:

Նա նշել է, որ այժմ ոստիկանությունը հանդուրժողականություն է դրսևորում, սակայն եթե Բաղրամյանի պողոտան չբացվի, իրավախախտները պատասխանատվության կենթարկեն ակցիայի մասնակիցներին:

«Ոստիկանությունը գործելու է բացառապես օրենքի սահմաններում»,-ասել է նա:

Իր հերթին Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը հայտարարել է, որ իրենք չեն միջամտելու, քանի դեռ ակցիան խաղաղ է:

Գիշերը ակցիայի մասնակիցները պահանջել են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղիղ եթերում հայտարարի, որ չեղարկում է սակագների բարձրացման մասին ՀԾԿՀ որոշումը:

«Մենք խուլիգաններ չենք, մենք հասկանում ենք, որ մեր պահանջն օրինական է»,- ասել է համակարգող խմբի անդամներից մեկը:

Բացի այդ, ցուցարարները կոչ են արել բողոքի ակցիաներ ու ցույցեր անցկացնել Հայաստանի բոլոր քաղաքներում ու գյուղերում Գյումրիի օրինակով, որտեղ նստացույց է ընթանում:

Ավելի վաղ ոստիկանությունն առաջարկել էր 5 ցուցարարի հանդիպել ՀՀ նախագահի հետ առկա խնդիրների քննարկման համար, սակայն մասնակիցները հրաժարվել են հանդիպումից:

Հունիսի 23-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել է հունիսի 22-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում սկսված և մոտ 10 ժամ տևած նստացույցը: Արդյունքում ոստիկանական բաժանմունքներ բերման էր ենթարկվել 237 անձ, որոնք բոլորն էլ արդեն ազատ են արձակվել և հարուցված քրգործով հանդես են գալիս որպես վկա: Մոտ 25 մարդ էլ դիմել էր բուժօգնության՝ ստացած վնասվածքների արդյունքում:

Ծեծի ենթարկվեց PAN Photo-ի ֆոտոլրագրող Կարո Սահակյանը, նրա տեսախցիկը ձեռքից առան, նրան էլ բերման ենթարկեցին ոստիկանական բաժանմունք, այնուհետև մի քանի ժամ անց ազատ արձակեցին։ Ավելի ուշ տեսախցիկն անվնաս վերադարձվել է տիրոջը:Ծեծի է ենթարկվել նաև PanARMENIAN.Net ի լրագրող Նիկոլայ Թորոսյանը:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն արձագանքել է Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի առավոտյան տեղի ունեցած դեպքերին: «Խիստ մտահոգված լինելով այսօր Երևանի կենտրոնում տեղի ունեցած դեպքերով, ինչպես նաև դրանց հետևանքով հարյուրավոր խաղաղ ցուցարարների, այդ թվում նաև՝ լրագրողների նկատմամբ ոստիկանության կիրառած անհամաչափ ֆիզիկական ուժի և ակտիվիստներին պատճառած մարմնական վնասվածքների կապակցությամբ՝ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը սեփական նախաձեռնությամբ վարույթ է հարուցել:

Լուսադեմին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Օմբուդսմենը հարցադրումներ է ուղղել Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին:

Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ հարցադրումներին պատասխանելու համար սահմանվել է նվազագույն 3-օրյա ժամկետ»,- ասվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ը մասնակի բավարարել է էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: ՀԾԿՀ դիմելով՝ ՀԷՑ-ը առաջարկում էր 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: Ներկայիս գործող 41,85 դրամ ցերեկային ու 31,85 դրամ գիշերային սակագինն այդ դեպքում կդառնար համապատասխանաբար 58.93 և 48.93 դրամ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---