ԻՊ-ն մտադիր է վիլայաթ ստեղծել Հյուսիսային Կովկասում. Կառավարիչն արդեն հայտնի է

ԻՊ-ն մտադիր է վիլայաթ ստեղծել Հյուսիսային Կովկասում. Կառավարիչն արդեն հայտնի է

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետությունը» հայտարարել է Չեչնիայի, Ինգուշեթիայի, Դաղստանի ու Կաբարդինո-Բալկարիայի տարածքում գավառ (վիլայաթ) ստեղծելու մասին:

Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ահաբեկչական կազմակերպության երկրորդ դեմքը համարվող Աբու Մուհամմադ ալ Ադնանին, որը կատարում է ինքնահռչակ խալիֆ Աբու Բաքր ալ Բաղդադիի մամուլի քարտուղարի գործառույթները: Նոր վիլայաթի վալի (կառավարիչ) է հռչակվել Աբու Մուհամմադ Կադարսկին:

Հունիսի սկզբին համացանցում տեսանյութ հայտնվեց, որտեղ Չեչնիայի, Ինգուշեթիայի, Դաղստանի ու Կաբարդինո-Բալկարիայի ահաբեկչական ընդհատակի ղեկավարները հավատարմության երդում են տալիս Աբու Բաքր ալ Բաղդադիին, հայտնում է Գազետա.ռու-ն:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---