Էրդողան. Թուրքիան երբեք թույլ չի տա, որ քրդերը պետություն ստեղծեն Սիրիայի հյուսիսում

Էրդողան. Թուրքիան երբեք թույլ չի տա, որ քրդերը պետություն ստեղծեն Սիրիայի հյուսիսում

PanARMENIAN.Net - Թուրքիան երբեք թույլ չի տա, որ քրդերը պետություն ստեղծեն Սիրիայի հյուսիսում` Թուրքիայի հարավային սահմանի մոտ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Թուրքիան երբեք թույլ չի տա քրդական նոր պետություն ստեղծել Սիրիայի հյուսիսում` Թուրքիայի հարավային սահմանին հարակից տարածքում: Անկարան բոլոր հնարավոր ջանքերը կգործադրի, որպեսզի այդ պլանը երբեք չիրականացվի, ինչպիսին էլ լինի հարցի գինը»,-ասել է Էրդողանը, հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը»:

Թուրքիայի նախագահի հայտարարությունը հնչել է Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում քուրդ զինյալների զգալի հաջողությունների ֆոնին: Հունիսի 27-ին քրդական ջոկատները կարողացան հաջողության հասնել Կոբանիում` ստիպելով ծայրահեղականներին նահանջել այդ սիրիական քաղաքից: Այժմ այն ամբողջությամբ վերահսկվում է քրդերի կողմից, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հասեկե քաղաքում, որը նույնպես Սիրիայի հյուսիսում է գտնվում, սիրիական զորքերն ու քուրդ զինյալները համաձայնության են եկել ԻՊ ահաբեկիչներին համատեղ հակազդելու հարցում: «Փոխարենը, պաշտոնական իշխանությունները համաձայնվել են նվազեցնել իրենց ազդեցությունը քաղաքում»: Ըստ կողմերի միջև համաձայնության, քրդական վարչակազմը կառավարելու է «Հասեկեի այն շրջանները, որոնք Քրդական ինքնապաշտպանական ուժերը կազատագրեն ծայրահեղականներից»: Այդ շրջաններում քրդերը «կկարողանան իրենց դրոշը պարզել վարչական շենքերի վրա պաշտոնական սիրիական դրոշի փոխարեն»:

Ավելի վաղ քուրդ աշխարհազորայիններին հաջողվեց գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Այն Իսա քաղաքը, որը վերահսկում էին «Իսլամական պետության» գրոհայինները, իսկ դրանից առաջ` գրավել սիրիական Ռաքքա գավառում գտնվող ԻՊ ռազմակայանը: Քրդերը գրավել են Թել Աբիադ քաղաքը երկրի հյուսիսում: Նրանց հաջողվել է գրավել Թել Աբիադ-Ռաքքա մայրուղին Թուրքիայի սահմանի մոտ, որը ռազմավարական նշանակություն ունի:

Մինչդեռ Թուրքիան մտահոգված է քրդերի հաջողություններով Սիրիայում: Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը հունիսի 16-ին հայտարարեց, թե «էթնիկ զտումների նշաններ է տեսնում Սիրիայի հյուսիսում ինչպես քուրդ աշխարհազորայինների, այնպես էլ «Իսլամական պետության» գործողություններում»:

Ավելի վաղ Էրդողանն, արձագանքելով այն մարդկանց, ովքեր Թուրքիային մեղադրում են ահաբեկիչների հետ համագործակցելու համար, հայտարարեց. «Եվս մեկ անգամ պարզորեն ասում եմ՝ Թուրքիային ահաբեկչության հետ նույն շարքում ներկայացնել ոչ ոք չի կարող և իրավունք ոչ ոք չունի»,-ասել է նա:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---