Նախագահ. Միջազգային պայքարը ցեղասպանության հանցագործության դեմ պետք է նոր թափ առնի 8 հուլիսի 2015 - 21:09 AMT PanARMENIAN.Net - Միջազգային պայքարը ցեղասպանության հանցագործության դեմ պետք է նոր թափ առնի, նոր բովանդակություն ստանա և օգտագործի բոլոր հնարավոր հարթակները: Այս մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ասել է Երևանում Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովի բացման ժամանակ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2015-ի հուլիսի 8-12-ը հյուրընկալում է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (ՑՄԸ) 12-րդ գիտաժողովը, որի խորագիրն է «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն»: «Հաճախ թվում է, որ միջազգային իրավունքի զարգացմանը, քաղաքական մտքի առաջխաղացմանը զուգընթաց մարդկությունը պետք է արդեն իսկ հաղթահարած լիներ ցեղասպանության հանցագործության արհավիրքը: Այնքան է խոսվել մարդկության դեմ ուղղված այս հանցագործության բաղադրիչների մասին, այնքան ջանք է ներդրվել այս հանցագործությունը բնորոշելու, կանխարգելելու, պատժելու և դատապարտելու ուղղությամբ, որ թվում էր, թե «այլևս երբեք» կարգախոսն իր լիարժեք իրագործմանը կհասնի: Ցավոք, մենք այսօր էլ ականատեսն ենք դառնում ցեղասպանական գործողությունների, այլատյացության քարոզչության, ֆաշիստական գաղափարախոսության առաջ մղմանը», - ասել է նախագահը: Սարսյանը շեշտել է, որ հաճախ ցեղասպանության մասին խոսելիս ոմանք օգտագործում են «ողբերգություն» ձևակերպումը, սակայն նախագահը անհրաժեշտ է համարում, որ մշտապես օգտագործվի այդ եզրույթի միակ ճիշտ բնորոշումը` «հանցագործություն»: «Ողբերգությունը հաճախ կարող է տեխնոլոգիական աղետի հետևանք լինել, կարող է լինել բնական արհավիրքի հետևանք, նույնիսկ կարող է լինել պատահականության հետևանք: Ցեղասպանությունը, ի տարբերություն այդ ամենի, խորապես հաշվարկված, նախագծված, նախապատրաստված հանցագործություն է, որն ունի հստակ թիրախ, սահմանված գործիքակազմ և այլատյացության վրա հենվող գաղափարախոսություն», - ասել է նա: Նախագահն ընդգծել է, որ հաշվի առնելով այդ հանցագործության բազմաշերտ բնույթը, չափազանց կարևոր է դրա բնորոշման, կանխարգելման, դադարեցման, դատապարտման, դրա համար պատժի կիրառման գործընթացի բազմակողմանիորեն հիմնավորվածությունը՝ գիտական հենքի վրա: «Պատմաբաններ, քաղաքագետներ, ազգագրագետներ, մշակութաբաններ, միջազգային իրավունքի մասնագետներ, հոգեբաններ, բազմաթիվ այլ մասնագետներ են անհրաժեշտ ցեղասպանության հանցագործության դեմ պայքարն ավելի արդյունավետ առաջ մղելու համար, ինչպես նաև ցեղասպանությունների հետևանքները հաղթահարելուն ուղղված քայլեր ծրագրավորելու և իրականացնելու համար», - ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ դրանով է կարևորվում Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության այս հարթակը: Նախագահն արժևորել է այս համաժողովի առաքելությունը և տարիներ ի վեր մասնագետների ներդրած ջանքերը՝ ուղղված գիտական մակարդակում պատմական արդարության վերականգնմանը։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում սույն թվականի ապրիլին Երևանում կայացավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» առաջին գլոբալ ֆորումը: Համաժողովին մասնակցեցին շուրջ 600 պատգամավորներ, լրագրողներ, հոգևոր առաջնորդներ, գիտնականներ: Այն ուղղված չէր որևէ պետության կամ ժողովրդի դեմ, այլ ուղղված էր ցեղասպանության հանցագործության դեմ: Նախագահը տեղեկացրել է, որ համաժողովը նախատեսվում է անցկացնել երկու տարին մեկ անգամ` սկսած 2016 թվականից: «Ցեղասպանությունների կանխարգելման գործում մեր պայքարը լինելու է շարունակական, ու դրանում մենք անընդհատ զգալու ենք նաև ձեր աջակցության և խորհրդի կարիքը: Մենք պայքարում ենք մեր իրավունքները վերականգնելու համար և շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեզ սատարում են, գոնե բոլոր նրանց, ովքեր մեզ չեն խոչընդոտում: Համաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք, իսկ ձեզ՝ նաև հաճելի օրեր Հայաստանում», - եզրափակել է Սարգսյանը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն իր հերթին նշել է, որ այսօր ցեղասպանագետների մի պատկառելի համայնք է հավաքվել Երևանում՝ մի քանի օր կիսվելու, քննարկվելու, բանավիճելու մարդկության չարիք ու խարանը դարձած մի հանցագործության շուրջ, որի անունն է ցեղասպանություն: Ըստ նրա, ցեղասպանություն երևույթը տակավին չի իմաստավորվել ու ընկալվել մարդկության կողմից, և ինչ-որ առումով մարդկությունը հաշտվել է դրա գոյության և հետևանքների հետ: «Այսօր աշխարհի տարբեր անկյուններում մոլեգնող զանգվածային բռնություններն ու ահաբեկչությունները, տարբեր երկրներում իշխանության գլուխ կանգնած ռազմամոլ և հավակնող առաջնորդների ագրեսիվ հռետորաբանությունն այն ահազանգներն են, որոնք անուշադրության չպետք է մատնել: Հայերը, հրեաները, թութսիներն ու բոսնիացիները չեն կարող միայնակ մնալ իրենց ցավի ու հիշողության հետ, քանզի դա համայն մարդկության ցավն ու օրակարգային խնդիրն է տեղի ունեցած ողբերգության հետևանքներին առարեսվելու համար», - ասել է Դեմոյանը: Նա նշել է, որ այս տարի աշխարհի տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ևս մեկ անգամ բոլորիս ստիպեց հետադարձ հայացք ձգել ոչ միայն մեզ՝ հայերիս պատուհասած ողբերգությանը, այլև վերհիշել Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի սարսափները, Հոլոքոստն ու Ռուանդան, Բալկանները: Սրանք քսաներորդ դարի զարհուրելի դրվագներն են: «Ցեղասպանությունը պատմական հասկացություն չի: Այն չի սահմանափակվում տարածության և ժամանակի մեջ, քանզի իր ծանրությամբ և հետևանքներով համամարդկային միջամտության, կանխարգելման և իմաստավորման է պարտադրում մեզ բոլորիս», - ասել է Դեմոյանը: 1997 թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 2010 թ. ստացել ՀՀ նախագահի` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար շնորհվող մրցանակ: Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը (International Association of Genocide Scholars) ցեղասպանությունները և մարդկության դեմ կատարված հանցագործություններն ուսումնասիրող գիտնականների առաջատար և խոշորագույն միավորումն է: Այն ստեղծվել է 1994 –ի հայտնի ցեղասպանագետներ Իսրայել Չառնիի (Israel Charny), Հելեն Ֆայնի (Helen Fein), Ռոբերտ Մելսոնի (Robert Melson) և Ռոջեր Սմիթի (Roger Smith) կողմից և այսօր միավորում է ավելի քան 500 գիտնականի աշխարհի տարբեր երկրներից: Ընկերակցության նպատակն է հետազոտել և ուսուցանել աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների պատճառները` կանխարգելելու համար ցեղասպանությունների կրկնումն ապագայում: Հայոց ցեղասպանությունը մշտապես գտնվում է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամների ուսումնասիրության կենտրոնում: Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Տասմագամբետով. ՀՀ-ն ՀԱՊԿ-ի իրավահավասար գործընկերն է` պատրաստ ենք երկխոսության Նա հավելել է, որ կազմակերպությունը պատրաստ է Երևանի հետ երկխոսության Փաշինյան. Թուրքիայում ընկալումների ոչ մեծ, բայց որոշակի փոփոխություն է նկատվում Նա նշել է, որ Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները շատ խորը և պոզիտիվ են Վարչապետ․ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում ՀՀ հետագա գոյության և պետականության համար Նա նշել է, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ, երբ սպառիչ պատասխաններ սատնա իր հնչեցրած հարցերին Փաշինյան. Եթե տեսնենք ԵՄ լիիրավ անդամ դառնալու իրատեսական հնարավորություն, պահը բաց չենք թողնի Այդ առումով, նա կարևորել է Վրաստան–ԵՄ և Թուրքիա–ԵՄ հարաբերությունները |