Նախարարը՝ Սիրիայում ոչնչացվող հուշարձանների ու ՀՀ-ի կողմից մշակութային արժեքների պահպանման քայլերի մասին

Նախարարը՝ Սիրիայում ոչնչացվող հուշարձանների ու ՀՀ-ի կողմից մշակութային արժեքների պահպանման քայլերի մասին

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հուլիսի 10-ին ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով օգնական Ալֆրեդո Պերես դ՚'Արմինիանիին:

Հուլիսի 11-13-ը Երևանում կանցկացվի «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսը՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին: Կոնֆերանսին կմասնակցեն պատվիրակներ 45 երկրից և միջազգային կազմակերպությունից:

Հանդիպմանը Պողոսյանն անդրադարձել է Սիրիայում պատմամշակութային հուշարձանների ոչընչացման խնդրին:

«Մենք հավասարապես մտահոգվում ենք բոլոր հուշարձանների ճակատագրով, այդ թվում՝ հայկական», - ասել է նախարարը՝ վստահեցնելով, որ Հայաստանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները` զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սեփականության իրավունքի փոխանցման արգելումն ու կանխումն ապահովելու նպատակով:

Պողոսյանը հավելել է, որ լավատեսորեն է մոտենում հարցին, քանի որ ոչ մեկին մինչև այս չի հաջողվել ավերել մշակութային աշխարհը։

Կարևորելով գործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ նախարարն ընդգծել է, որ կազմակերպությունն արագ փոփոխվող աշխարհում կարևորագույն առաքելություն է իրականացնում՝ մշակույթի և կրթության, ազատ արտահայտման իրավունքի պահպանման գործում:

Ալֆրեդո Պերես դ' Արմինիանի խոսքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն երկու գաղափարի կողմնակից է՝ միացյալ համերաշխ աշխարհի և միևնույն ժամանակ մշակութային բազմազանության և բազմաքանակության:

«Մշակույթը բազմաբովանդակ երևույթ է և ինչպես «Ետ-2015-i զարգացման օրակարգում» է նշվում, մշակույթի պահպանման և բազմազանության համար կարևոր է մշակութային ինքնության գիտակցումը: Ցավալի է, որ հազարամյակի նպատակների ցանկում (Millenium Development Goals) մշակույթին պատշաճ ուշադրություն չեն դարձրել և շեշտը դրել են հիմնականում տնտեսական զարգացման վրա», - ասել է դ՚'Արմինիանին:

Այդ համատեքստում Պողոսյանը նշել է, որ հարյուրամյակներ ի վեր Հայաստանը չի ունեցել պետականություն, սակայն զարգացել է այն հայ անհատների շնորհիվ, որոնք, ինտեգրվելով եվրոպական մշակույթի մեջ՝ զարգացրել են այն։

«Մենք բազմաթիվ մշակույթներից մեկն ենք և այդ իրավահավասարության սկզբունքը շատ կարևոր է: Դրա ապացույցները շատ են մեր երկրում՝ հրեական գերեզմանը, Կապույտ մզկիթը, թուրքմենական դամբարանը», - նշել է Պողոսյանը:

ՀՀ մշակույթի նախարարի խոսքով` Հայաստանն ամեն ինչ անում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական և համաշխարհային ժառանգության ցանկերը հայկական ավանդական մշակույթի տարրերով համալրելու համար։

«Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման առաջխաղացման ֆոնին Մերձավոր Արևելքի քրստոնյա բնակչությունը տառապանքներ է կրում: «Իսլամական պետության» էքսպանսիան աշխարհի գլխավոր հիմնախնդիրներից մեկը դարձավ 2014-ին: Ըստ ԿՀՎ տվյալների, խմբավորումը մոտ 30 հազար գրոհային ունի:

2014-ի ամռան սկզբին ԻՊ զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

Ահաբեկիչները իրենց ճանապարհին ոչընչոցնում են նաև քրիստոնեական հնագույն հուշարձանները: Պատմական քաղաքներ, հուշարձաներ ու կառույցներ, այդ թվում հայկական, որոնք հայտնվել են իսլամիստների հետ ռազմական գործողությունների կենտրոնում, թալանվել, հրկիզվել, ավերվել են: http://www.panarmenian.net/arm/details/192576/ Սիրիայում կառավարական զորքի ջանքերին հակառակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված հնագույն Պալմիրա քաղաքը գրեթե ամբողջությամբ վերահսկվում է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից: Շարժական հարյուրավոր հուշարձաններ տեղափոխվել են ապահով վայրեր, սակայն խմբավորումը հուլիսին հրապարակել է լուսանկարներ, որոնցում պատկերված է, թե ինչպես են գրոհայիններն ավերում հնագույն արձանները: Սիրիական ժառանգությանն ամենամեծ վնասներից մեկը պատմաբանները համարում են 715-ին կառուցված և 2013-ի ապրիլին ամբողջությամբ գետնին հավասարեցված Հալեպի Մեծ մզկիթը: Ալեքսանդր Մեծից մինչև հռոմեական, մոնղոլական և օսմանյան իշխանությունները հասածՀալեպի միջնաբերդի որոշ հատվածներ օգտագործվում էին որպես ռազմաբազա. ոչնչացվել են 2012-ի օգոստոսին: Ապրիլի սկզբին տեղեկություն տարածվեց, որ իսլամիստներն ավերակների են վերածել հնագույն պարթևական Հաթրա քաղաքը՝ ժամանակակից Իրաքի հյուսիսում: Մարտի սկզբին ԻՊ զինյալները հողին են հավասարեցրել ավելի քան 3 հազար տարվա պատմություն ունեցող ասորական Նեմրութ քաղաքի ավերակները: Փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ԻՊ գրոհայինները պայթեցրել են Մոսուլի կենտրոնական գրադարանը՝ ոչնչացնելով 10 հազար գիրք: Գրադարանի բակում իսլամիստները խարույկ են վառել գրքերից ու ձեռագրերից: Մարտի 11-ին իսլամիստները Մոսուլում պայթեցրել են Սուրբ Գևորգ քրիստոնեական եկեղեցին։ 2014-ի սեպտեմբերի 21-ին ծայրահեղականներն ականապատել և պայթեցրել ենԴեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: 2013-ին Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Ռաքքայի Թել Աբիդադ քաղաքում, իսլամիստները հրկիզել են հայկական Սուրբ Խաչ եկեղեցին, որտեղ ապաստան էին գտել արաբ ընտանիքներ: Թալ Աբրիադ սիրիական քաղաքի հայկական եկեղեցին վերածվել է բանտի:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---