19  11.07.15 - Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր

Գավառի «Սևան» հանքային ջրերի գործարանը նորից գործում է. Ջուրը կարտահանվի ՌԴ, Եվրոպա և ԱՄՆ

Գավառի «Սևան» հանքային ջրերի գործարանը նորից գործում է. Ջուրը կարտահանվի ՌԴ, Եվրոպա և ԱՄՆ

PanARMENIAN.Net - Գավառում գտնվող «Սևան» հանքային ջրերի գործարանը վերագործարկվել է: 2015-ին ավարտվել է բիզնես ծրագրի առաջին փուլը, որի արդյունքում գործարանում նախատեսվում է կազմակերպել օրական մոտ 50.000 շիշ հանքային ջրի շշալցում՝ տարեկան 20-25 մլն շիշ արտադրողականությամբ:

Գործարանի ներդրված ժամանակակից հոսքագծի հզորությունը կազմում է 8.000-12.000 շիշ՝ 1 ժամում: Շշալցման տեխնոլոգիան ներառում է հանքային ջրի տեղափոխումն աղբյուրից մինչև պահեստարան, ջրի պահեստավորումը, հանգստացումը և մշակումը: Ջրի որակի հսկողությունն իրականացվելու է գործարանի լաբորատորիայի միջոցով: Առաջիկա ծրագրերի շարքում նոր ներդրումներ են նախատեսված պոլիէթիլենային շշերի հոսքագծի տեղադրման նպատակով:

2010-2013թթ. ընթացքում գործարանում կատարվել են ծավալուն շինարարական և վերանորոգման աշխատանքներ: «Սևան» հանքային ջրերի գործարանը պետք է գործարկվեր 2014-ի սեպտեմբերին: Արտադրական ամբողջական գործունեությունն սկսելուց հետո, նախատեսվում էր մոտ 200 աշխատատեղի բացում: Գործարանի վերանորոգման համար պետբյուդջեից հատկացվել է 2 մլդ դրամ գումար:

Վերագործարկման արդյունքում գործարանում բացվել է մոտ 80 աշխատատեղ՝ 110.000 դրամ միջին ամսական աշխատավարձով: Արտադրական ամբողջ հզորությանը հասնելուց հետո աշխատակիցների թիվը կհասնի 180-ի: Հուլիսի 11-ին վերագործարկված գործարան է այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ում ներկայացվել է ընկերության ներդրումային ծրագրի 2-րդ փուլով նախատեսվող աշխատանքները՝ առաջիկա 1-2 տարում գործարանի տարածքում չիչխանի բնական հյութի, յուղի և կոմպոտների արտադրության կազմակերպում, ինչի ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում, տեղեկացնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Գործարանի արտադրանքի՝ «Սևան» պիտակով ջրերը սպառվելու են ԱՊՀ տարածքում, հիմնականում` Ռուսաստանի շուկայում, ջուրը կարտահանվի նաև Եվրոպա և ԱՄՆ:

Հայկական ջրերի արտահանման աշխարհագրությունը բավականին լայն է, թեև 2013-ի տվյալներով՝ հիմնական սպառող շուկան մնում է Ռուսաստանը` արտահանման ընդհանուր ծավալի 88%-ը: 2013-ին ջրերը մեծ խմբաքանակով՝ 34.400 լ, արտահանվել են Էստոնիա, Իսրայել՝ 15.300 լ, Լատվիա՝ 11.200 լ, Լիբանան` 22.300 լ, Լեհաստան՝ 42.000 լ: 2013-ին հայկական ջրերն առաջին անգամ մեծ խմբաքանակներով հայտնվել են նաև Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում, Մեծ Բրիտանիայում: Մեծ խմբաքանակներ են ուղարկվել «ավանդական» շուկաներ` Ուկրաինա (171.000 լ), ԱՄՆ (135.000 լ), Ղազախստան (93.500 լ):

Գործարանի տարածքում նաև ձկնաբուծության և խեցգետնի աճեցման համար ջրավազաններ կան, որոնցում բուծվում է մոտ 1 տոննա ձուկ (իշխան և թառափ): Ըստ գործարանի պատասխանատուների, սեպտեմբեր-հոկտեմբերին նախատեսվում է 4 ջրավազանում տարեկան 2-3 տոննա արտադրական հզորությամբ խեցգետնի տնտեսության հիմնում, իսկ 10 ջրավազանի հզորությունը թույլ է տալիս ձկնաբուծությունը հասցնել տարեկան 5 տոննայի, որը հնարավորություն կտա կազմակերպել նաև ձկնամթերքի արտահանում:

«Սևան» հանքային ջրերի գործարանը հիմնադրվել է 1953–ին Գավառ քաղաքում՝ հանքային ջրի աղբյուրի վրա: 1953-1962-ին ունեցել է ընդամենը 15 աշխատակից և արտադրել ընդհանուր առմամբ 150.000 շիշ հանքային ջուր: 1992-ին գործարանը փակվել է, իսկ 2010-ին այն գնել է Բալասանյանների ընտանիքը: Սամվել Բալասանյանը Գյումրիի քաղաքապետն է, ինչպես նաև Գյումրիի գարեջրի գործարանի սեփականատերը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---