Նախարարությունից ասում են՝ պարտքը մի քանի օրում կմարեն. Նաիրիտցիներն էլ՝ թե նստացույց են սկսում

Նախարարությունից ասում են՝ պարտքը մի քանի օրում կմարեն. Նաիրիտցիներն էլ՝ թե նստացույց են սկսում

PanARMENIAN.Net - «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքն ամբողջությամբ կմարվի մի քանի օրվա ընթացքում: Այս մասին հայտնել են ՀՀ էներգետիկայի նախարարության լրատվական ծառայությունից։Պարզաբանման համաձայն՝ նաիրիտցիների բողոքների հետ կապված՝ առաջիկա օրերին վերջնական ստուգումներ կարվեն, կկայացվեն համապատասխան որոշումներ և աշխատավարձերը կվճարվեն, ինչպես որ խոստացվել էր, պարտքն էլ ամբողջությամբ կմարվի:

Հունիսի 9-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել էր Երևանի «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների՝ վերջիններիս պահանջով: Վարչապետը տեղեկացրել էր, որ ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել՝ մինչև հուլիսի 15-ը ֆինանսական միջոցներ հայթայթել գործարանի աշխատակիցների՝ տարիների ընթացքում կուտակված աշխատավարձի ողջ պարտքը վճարելու համար:

Ավելի ուշ նաիրիտցիները հայտարարել են, որ հուլիսի 16-ից անժամկետ նստացույց են սկսելու Կառավարության շենքի դիմաց նույն պահանջով:

«Մեզ շատ են խաբել, համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ սկսում ենք նստացույց, և եթե խոստումի համաձայն, հինգ օրվա ընթացքում պարտքը մարեն, մենք նույն օրն էլ տուն կգնանք», - հայտնել է ցույցի համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նախօրեին՝ հուլիսի 14-ին, նաիրիտցիները փակել էին Բագրատունյաց պողոտան` «Նաիրիտ» գործարանի հատվածում՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձը:

Անուշ Հարությունյանը հայտնել է, որ այժմ իրենց պարտադրում են ստորագրել աշխատավարձի ուշացման տույժերից, տուգանքներից հրաժարվելու մասին համաձայնագիր, որից հետո միայն՝ 4-5 օր, մեկ շաբաթ անց, կվճարեն աշխատավարձը, չստորագրելու դեպքում աշխատավարձը չեն տա:

«Մենք դեմ չենք, ստորագրում ենք, բայց այդպես ուզում են ձգձգել աշխատավարձի վճարումը, իսկ այն վաղը պետք է արդեն լիներ: Այսօր մեզ ասում են՝ վաղը չի լինի աշխատավարձ», - ասել է նա, մեջբերում է Panorama.am-ը:

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքը կազմում է մոտ 5,7 մլրդ դրամ, որը կուտակվել է վերջին չորս տարվա ընթացքում: Նաիրիտցիները դեռևս նախորդ տարեվերջից պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով վճարել աշխատավարձը: 2015-ի փետրվարի 6-ին 1700 մարդ ազատվել էր աշխատանքից: Ապրիլի 28-ին գործարանի աշխատակիցները ստացել էին ընդամենը մեկ ամսվա աշխատավարձը:

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի աշխատակազմը հունիսի 24-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն է ներկայացրել «Նաիրիտ»-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվությունը և խորհուրդ տվել լուծարել գործարանը։ Ըստ ՀԲ-ն՝ «Նաիրիտը» շարունակում է վատնել կառավարության ռեսուրսները:

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 2006 թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, մնացած 10 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության։ 2010 թվականի ապրիլից գործարանում արտադրությունը դադարեցվել է, իսկ աշխատողների աշխատավարձերի պարտքերը 2013 թվականի նոյեմբերի դրությամբ կազմել են մոտ 12 մլն դոլար։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---