Հուլիսի 15-ին կցուցադրվի «Թեղուտ. Օրենքից դուրս» հետաքննական ֆիլմը

Հուլիսի 15-ին կցուցադրվի «Թեղուտ. Օրենքից դուրս» հետաքննական ֆիլմը

PanARMENIAN.Net - Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը հուլիսի 15-ին կներկայացնի «Թեղուտ. Օրենքից դուրս» (Teghut: Beyond the Law) հետաքննական ֆիլմը, որն այնուհետև հասանելի կլինի նաև նախաձեռնության Youtube-ի ալիքում։

Տարիներ շարունակ քաղաքացիական հասարակության տարբեր խմբեր, ազդակիր համայնքների բնակիչները բարձրաձայնում են Թեղուտում հանքավայրի շահագործման սոցիալտնտեսական, առողջապահական վտանգների ու տնտեսական օգուտների համեմատ անհամաչափ ռիսկերի մասին։ Ի թիվս բնապահպանական հարցերի՝ Թեղուտի պաշտպանության քաղնախաձեռնությունն այդ խնդիրները դիտարկում է նաև մարդու իրավունքների խախտման համատեքստում՝ սկսած համայնքի բնակիչների սեփականության իրավունքի խախտումներից, մինչև առողջ շրջակա միջավայրում ապրելու՝ սահմանադրական իրավունքի պաշտպանությունը։

Տարիների աշխատանքի արդյունքում իրավական հարթության վրա ձեռք են բերվել առարկայական ապացույցներ, որ Թեղուտի հանքավայրի շահագործումն իրականացվում է ՀՀ օրենսդրության և միջազգային պայմանագրերի դրույթների կոպիտ խախտումնեով։

Այդ խախտումները ներկայացված են Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի երկու որոշման մեջ, Environmental Resources Management ընկերության կազմած՝ ՇՄԱԳ հաշվետվության վերագնահատման փաստաթղթում, ինչպես նաև արբանյակից կատարված լուսանկարների վերծանումից ստացված տվյալներում։

Այս ամենն էլ ամփոփվել է «Թեղուտ. Օրենքից դուրս» հետաքննական ֆիլմում:

Այժմ ընթանում է նոր դատական գործընթաց, որի վերջնական նպատակն է հասնել Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործման դադարեցմանը։ Բնապահպանական հասարակական կազմակերպություններն ու Շնող համայնքի բնակիչները ՀՀ վարչական դատարան հայց են ներկայացրել ընդդեմ բնապահպանության նախարարության՝ Թեղուտի հանքավայրում ստուգումների կատարելում պարտավորեցնելու պահանջով: Հունիսի 12-ին կայացել է գործով առաջին դատական նիստը: Հաջորդ նիստը տեղի է ունենալու օգոստոսի 24-ին:

2008-ի և 2013-ի նկարահանված արբանյակային պատկերների և Թեղուտի կայքում տեղադրված ու կառավարության կողմից հաստատված աշխատանքային նախագծի տոպոգրաֆիական քարտեզի համեմատության արդյունքում կատարվել են հետևյալ հիմնական բացահայտումները․

- Լեռնահատկացման ակտով (N ԼՎԱ֊376ա) հանքի արդյունահանման տեղամասը կազմում է 103 հա, իսկ հաստատված աշխատանքային նախագծով՝ շուրջ 200 հա։ Թույլտվությունը տալիս՝ կառավարությունը չի ստուգել ընկերության ներկայացրած տվյալները կամ միտումնավոր կերպով փոքրացրել է արդյունահանման տեղամասի տարածքը։

- Թեղուտ ՓԲԸ-ին բնապահպանության նախարարությունը տվել է դրական եզրակացություն միայն առաջին 8 տարվա համար։ Այդ 8 տարին, որն աշխատանքային նախագծով համարվում է հանքի շահագործման նախնական և նախապատրաստական փուլ (1-ին փուլ) լրացել են 2014-ին: Բացի այդ, օրինակ՝ 1-ին փուլի համար նախատեսված լցակույտերից մեկի համար նախատեսված տարածքում կատարվել է հավելյալ 40 հա անտառների հատում։ Անտառահատումները դուրս են եկել աշխատանքային նախագծով հաստատված տարածքի սահմաններից։

- Թեղուտ ՓԲԸ-ին N ԼՎԱ֊376ա լեռնահատկացման ակտով տրված տարածքում (1544 հա) 2001-ից մինչև 2013-ն անտառածածկը կրճատվել է 255 հա-ով։ Աշխատանքային նախագծով նախատեսվում է կտրել ևս 275 հա անտառ։ Կրճատված և կրճատվելիք անտառածածկույթի ընդհանուր մակերեսը կազմում է 530 հա։ Բնապահպանության նախարարության դրական եզրակացությամբ թույլ է տրվել միայն 357 հա անտառի հատում։

Փաստորեն, միայն 8 տարվա համար տրված դրական եզրակացությունը նշանակում է, որ հետագա յուրաքանչյուր փուլի համար ընկերությունը կարող է ներկայացնել նոր անտառհատումների պլան, ինչը նշանակում է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը կատարվել է ոչ ամբողջական և կեղծիքներով։

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, գործելով ինքնուրույն և կամավոր սկզբունքներով, ստեղծվել է 2007-ին՝ համախմբելով ազատ և գիտակից մարդկանց Հայաստանում, Սփյուռքում և ամբողջ աշխարհում, ովքեր պայքարում են հանուն մարդու առողջ և արժանապատիվ կյանքի: Նախաձեռնության առաջնային նպատակն է հասնել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի ապօրինի շահագործման դադարեցմանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---