Բուսաբուծության ցուցանիշների ամփոփում. Ցորենի ինքնաբավությունը կարող է հասնել 70%

Բուսաբուծության ցուցանիշների ամփոփում. Ցորենի ինքնաբավությունը կարող է հասնել 70%

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը հրապարակել է բուսաբուծության ոլորտում 2015-ի առաջին կիսամյակում արձանագրված օպերատիվ ցուցանիշները և ամփոփել կատարված աշխատանքը:

Ըստ Գալստյանի՝ Հայաստանում ցորենի ինքնաբավության մակարդակը հնարավոր է հասցնել 65-70%-ի:

«2010-ին ցորենի ինքնաբավության մակարդակը 32% էր, այսօրվա դրությամբ արդեն մոտեցել ենք 50% ինքնաբավության շեմին: Պետք է առաջիկա տարիներին ծրագրի շարունակական իրականացման արդյունքում ինքնաբավության մակարդակը հասցել 65-70%-ի: Դրանից ավելի բարձր նշաձող չի կարող լինել, քանի որ մեր հողային ռեսուրսների պայմաններում այդքանի հնարավորություն ունենք»,- պարզաբանել է փոխնախարարը, մեջբերում է Panorama.am-ը:

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը պետական աջակցության ծրագրերի իրականացումն առաջինը սկսեց 2010-14-ին ցորենի սերմնարտադրության զարգացման ծրագրով:

«Գյուղացիները ցորեն չէին ցանում, քանի որ բերքը քիչ էր, եկամուտ չկար: 2010-ին ունեցել ենք 73.000 հա ցորեն, այս տարի այն կազմում է 111.000 հա»,- ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ 2014-ին արտադրվել է 338.000 տ ցորեն, 2010-ի՝ 173.000 տ էր:

Փոխնախարարի ներկայացմամբ, միայն այս տարի 5200 հա-ով ավելացել է ցորենի ցանքատարածությունը:

Գալստյանը նաև տեղեկացրել է, որ տարեկան Հայաստան է ներկրվում300-400.000 տ պարենային ցորեն: Մեկ օրվա ընթացքում ՀՀ-ում պարենային նպատակների համար անհրաժեշտ է լինում 1000 տ ցորեն, այսինքն մեկ տարվա ընթացքում՝ 365.000 տ:

Ըստ փոխնախարարի այս տարվա համար կանխատեսվում է 360-365.000 տ-ի սահմաններում ցորենի բերք:

Գալստյանի խոսքով՝ հատկապես վերջին տարիներին շարունակաբար իրականացվող պետական աջակցության ծրագրերը նպաստավոր պայմաններ են ստեղծել հանրապետությունում հողերի նպատակային և արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների և համախառն բերքի արտադրության ծավալների ավելացման, հողօգտագործողների եկամուտների բարձրացման և տնտեսական աճի ապահովման համար։

Գյուղնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ 2010-2014-ին ցանքատարածություններն ավելացել են մոտ 50.000 հա-ով: Նախարարության օպերատիվ տվյալներով՝ հանրապետության հողային հաշվեկշռով առկա 447.500 հա վարելահողերից այս տարի մշակվում է մոտ 350.000 հա-ն, որը կազմում է 78,2% կամ ցանքերն ավելացել են 17.000 հա-ով նախորդ տարվա 14.700 հա-ի համեմատ։

Օպերատիվ տվյալներով՝ այս տարի արդեն արտադրվել է մոտ 110.000 տ պտուղ, որից 86.000 տ ծիրան, 165.000 տ բանջարեղեն, որից լոլիկ՝ 43.000 տ, 73.000 տ վաղահաս կարտոֆիլ և 5500 տ բոստանային մշակաբույսեր: Արարատյան հարթավայրի ցածրադիր գոտիներում շարունակվում է բերքահավաքը, ցորենի և գարու արտադրության ծավալները կազմել են համապատասխանաբար 45.000 և 22.000 տ:

Փոխնախարարն ակնկալում է, որ ծիրանի արտադրության ծավալները կգերազանցեն անգամ 2013-ի ցուցանիշը. բարձր բերք է ստացվում հատկապես Արմավիրի, Արարատի և Արագածոտնի այգիներից։

Գալստյանը մեկ անգամ ևս հողօգտագործողների ուշադրությունը հրավիրել է հողերի համալիր պարարտացման անհրաժեշտության վրա՝ նշելով, որ հողերի միակողմանի պարարտացումը կանխելու համար բացի ազոտականից պետք է օգտագործել նաև ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր։

Շարունակվում է նաև վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը. նախորդ տարիների 10%-ի փոխարեն հողօգտագործողները վճարում են 8%-ով. 6%-ը սուբսիդավորվում է պետության կողմից։

Հացահատիկայինների այս տարվա բերքատվության ցուցանիշները բարձր են նաև Արցախում: Հուլիսի 15-ի դրությամբ՝ այս տարվա բերքի տակ կատարված հացահատիկային մշակաբույսերի հնձի ենթակա 45.416 հա ցանքատարածություններից հնձվել է 40.729 հա: ԼՂՀ գյուղնախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ համախառն բերքատվությունը կազմել է 110.689 տ, իսկ միջին բերքատվությունը՝ մեկ հեկտարից 27.2 ցենտներ՝ նախորդ տարվա 10.1 ց/հա-ի փոխարեն, գրում է «Արցախպրես»-ը:

Ցորենի համախառն բերքատվությունը կազմել է 61.394 տ՝ 28.4 ց/հա-ից միջին բերքատվությամբ, նախորդ տարվա 11.4 ց/հա-ի փոխարեն, հնձված 45.697 տ գարու միջին բերքատվությունը կազմել է 25.7 ց/հա, նախորդ տարվա՝ 8.4 ց/հա-ի համեմատ: Հաճարի համախառը բերքատվությունը 3598 տ է՝ 26.9 ց/հա-ից միջին բերքատվությամբ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---