Նորվեգիայում հայտնաբերված վիկինգի թրի վրա քրիստոնեական խորհրդանիշներ կան

Նորվեգիայում հայտնաբերված վիկինգի թրի վրա քրիստոնեական խորհրդանիշներ կան

PanARMENIAN.Net - Նորվեգիայի հարավում` Բյուգլան կոմունայում պեղումների ժամանակ Օսլոյի պատմական թանգարանի հնագետները մ.թ. X-XI դարերում ձուլված վիկինգներին պատկանող թուր են հայտնաբերել, որի դաստապանը զարդարված է ոսկով և արծաթով: Դա հավանաբար վկայում է տիրոջ բարձր կարգավիճակի մասին:

Երկաթե սայրը ամբողջովին ժանգոտված է, սակայն դաստապանը պահպանվել է, քանի որ պատված էր արծաթով: Դաստապանի վրա գիտնականները հայտնաբերել են բազմաթիվ քրիստոնեական խորհրդանիշներ, թեև հուղարկավորումը կատարված է ավանդական հեթանոսական կարգով: Ըստ հնագետների, զենքը կարող էր պատրաստված լինել Եվրոպայի այլ մասում և հետագայում բերված լիներ Նորվեգիա: Դա ևս փաստում է տիրոջ բարձր կարգավիճակը:

Թրի ամբողջական երկարությունը 94 սմ է: Դամբարանը, որտեղ հայտնաբերվել է զենքը, թվագրվում է մոտավորապես 1030 թ., այնտեղ հայտնաբերվել է նաև տապար և մի քանի մետաղադրամ: Հետազոտողները ենթադրում են, որ թուրը կարող էր պատկանել Կնուդ II Մեծի զինվորներից մեկին, որոնց նա ընտրել էր Անգլիա արշավելու համար: Այդ վարկածի օգտին է հետևյալ փաստը. պեղումների վայրից ոչ հեռու հնագետները նախկինում շիրմաքար էին գտել, որի վրա փորագրված էր, որ զինվորն ընկել է մարտի դաշտում, երբ «…Կնուդը արշավեց Անգլիա»: Այլ աղբյուրներից հայտնի է, որ Կնուդը պահանջում էր զինվորներից, որ նրանք իրենք ապահովեն իրենց զենքով, մասնավորապես` ձուլածո դաստապան ուեցող թրով:

Կնուդ II Մեծը մի քանի անգամ արշավել է Անգլիա 1013-1016 թթ.: Հաղթանակ տանելով` Կնուդը դարձավ Անգլիայի թագավոր և պահպանեց այդ տիտղոսը մինչև 1029 թ.: Նա հայտնի է լեգենդի շնորհիվ, որի համաձայն նա ցուցադրում էր իր հպատակներին թագավորի սահմանափակ հնարավորությունները` փորձելով ստիպել, որ ծովը հանդարտվի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---