«Շուշիի վերածնունդ» հիմնադրամը հայտարարել է քաղաքի վերականգնման գործընթացի սկիզբը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-ին Շուշի քաղաքում տեղի ունեցան «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի շնորհանդեսը եւ կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նիստը: Միջոցառումներին մասնակցում էին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները` նրա նախագահ, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը, հանրապետության նախարարների կաբինետի անդամներ, Շուշի քաղաքի ղեկավարության ներկայացուցիչներ:



«Շուշիի վերածնունդ» հիմնադրամն այսօր հայտարարում է քաղաքի երբեմնի փառքը, նրա մշակութային, կրթական եւ լուսավորչական ավանդույթները վերականգնելու նպատակով ազգային նյութական եւ հոգեւոր ներուժի միավորման գործընթացի սկիզբը: Այս միջոցառումները սկիզբը կդառնան այն դժվարին ճանապարհի, որն, անտարակույս, կպահանջի մեծ ջանքեր: Հայոց այս փառավոր քաղաքի ազատագրումից հետո անցել է 14 տարի, սակայն Շուշին դեռեւս ավերակների մեջ է գտնվում եւ սրտի թրթիռով սպասում է մեր ուշադրությանն ու հոգածությանը: Մեր հիմնադրամն իր առջեւ ունի հետեւյալ նպատակները. հիշեցնել Շուշիի փառավոր անցյալի մասին, մարդկանց մոտ սեր արթնացնել քաղաքի նկատմամբ, որն անգնահատելի դեր եւ նշանակություն ունի հայոց պատմության մեջ, միավորել ազգային ներուժը` հանուն քաղաքի վերականգնման»,-հայտարարվեց հիմնադրամի շնորհանդեսի ժամանակ:



ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը նշեց, որ «Շուշիի վերածնունդ» հիմնադրամն արդեն վայելում է հանրապետության ղեկավարության որոշակի վստահությունը եւ հույս հայտնեց, որ իր հետագա աշխատանքով այն կամրապնդի այդ վստահությունը: ԼՂՀ նախարարների կաբինետի ղեկավարը արտահայտվեց Շուշի քաղաքին զորակցող բոլոր կազմակերպությունների համագործակցության անհրաժեշտության օգտին, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---