Փիթեր Սեմնեբին «լիովին անհույս» չի համարում իրավիճակը ղարաբաղյան գործընթացի շուրջ

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում, հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունում Հայաստանը եւ Ադրբեջանը ժամանակի վրա են խաղում: Սեմնեբին ասել է, թե Ադրբեջանը հուսով է, որ էներգակիրներից ստացվող եկամուտը հետզհետե երկիրը կդարձնի «ավելի հարուստ եւ ռազմական տեսակետից ավելի հզոր»: «Սպառազինության կուտակումը լուրջ խնդիր եւ մտահոգություն է, եւ կարծում եմ, որ դա իր ազդեցությունն է թողնում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը այնքան էլ հրատապ չի համարում հակամարտության կարգավորումը», -֊ փաստել է Սեմնեբին: Միաժամանակ, նա կարծում է, որ Հայաստանն էլ է ժամանակձգում: Նրա վկայությամբ` «Երեւանն էլ սպասում է, թե ինչպես կլուծվի Կոսովոյի հարցը, եւ հույս ունի, որ ժամանակի ընթացքում կյանքի իրողությունները կխաղան իրենց դերը»: Այնուամենայնիվ, Եվրամիության ներկայացուցիչը կարծում է, որ ղարաբաղյան խաղաղ բանակցություններում ստեղծված իրավիճակը «լիովին անհույս չէ»: Նա փաստել է, որ շուտով հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---