«Բագրատաշեն» մաքսակետը կգօրծարկվի 2016-ի մարտին. $70 մլն՝ արդիականացմանը

«Բագրատաշեն» մաքսակետը կգօրծարկվի 2016-ի մարտին. $70 մլն՝ արդիականացմանը

PanARMENIAN.Net - Բագրատաշենի անցակետի հինգ մասնաշենքի կառուցապատման, ներքին և արտաքին հարդարման, կոմունիկացիոն աշխատանքներն ընթացքի մեջ են: Մեծ մասն արդեն իսկ կատարվել է, ակնկալվում է, որ նորակառույց անցակետը շահագործման կհանձնվի ըստ սահմանված ժամանակացույցի՝ 2016-ի առաջին եռամսյակի ընթացքում: Կատարվող շինաշխատանքների ընթացքին հուլիսի 25-ին ծանոթացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ Վրաստան աշխատանքային այցից առաջ:

Նոր անցակետում տեղադրված կլինեն ժամանակակակից զննող-հսկող սարքավորումներ։ Մարդկային միջամտությունը կլինի նվազագույն, և քաղաքացիներն ու տնտեսվարողները կկարողանան ավելի կարճ ժամանակահատվածում հատել անցակետը, սահմանահատումն իրականացնել առավել սահուն և արագ:

Վարչապետը կարևորել է ծրագրի իրականացումը և նշել, որ դրա արդյունքում կունենանք միջազգային նորմերին համապատասխան անցակետ:

«Ծրագիրն ընթանում է ըստ ժամանակացույցի, և ՀՀ ֆինանսների նախարարի պնդմամբ, հաջորդ տարվա մարտին այս մաքսակետը կգործարկենք: Կարևորն այն է, որ քաղաքացիների, այդ թվում՝ տնտեսվարող սուբյեկտների համար կստեղծվեն սահմանի հատման արդի պայմաններ, կվերանան կուտակումները»,- ասել է Աբրահամյանը:

«Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցակետերի արդիականացման ծրագրի համար կներդրվի $70 մլն:

Ծրագիրն իրականացնում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) գրասենյակը, շինարարական աշխատանքները՝ ֆրանսիական «ՍԱԴԵ» կոնսորցիումը, իսկ ՀՀ կառավարության կողմից աշխատանքները համակարգում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության դրամաշնորհային և վարկային այլ միջոցների հաշվին:

Վարչապետին ներկայացվել է նաև Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր՝ «Բարեկումության» կամրջի կառուցման ընթացքը: Նախատեսվում է տարվա ընթացքում հայտարարել շինաշխատանքների կազմակերպման մրցույթը:

Ակնկալվում է, որ կամուրջը կնպաստի ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների սպասարկման որակի բարձրացմանն ու ժամանակի խնայողությանը:

Սահմանային անցակետերի արդիականացման ծրագրով նախատեսվում է հիմնել պետական սահմանի անցման կետերի ժամանակակից ենթակառուցվածքներ, հեշտացնել Հայաստանի և Վրաստանի միջև ու այնուհետ դեպի ԵՄ երկրներ շարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների օրինական շարժը, զարգացնել սահմանների կառավարման ոլորտի պատասխանատու մարմինների կարողությունները:

«Բագրատաշեն» ՀԱԿ-ը գտնվում է Երևան-Թբիլիսի Մ-6 ավտոմայրուղու վրա և 2011-ի հունվարի դրությամբ Վրաստանի հետ սահմանի հատման առավել կարևոր և ծանրաբեռնված կետն է: «Բավրա» ՀԱԿ-ը մտնում է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կազմի մեջ, և ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի բարելավել Իրանի և Վրաստանի միջև տրանսպորտային կապը: Այս անցակետով է անցնում ուղևորների հիմնական հոսքը Երևան-Բաթում ուղղությամբ:

ՀՀ պետական սահմանի անցակետերի արդիականացման գործընթացը մեկնարկել է դեռևս 2010-ին՝ ՀՀ սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարություն հաստատելու մասին նախագահի կարգադրությամբ: Ծրագրի շրջանակում նախատեսված է առաջնահերթորեն իրականացնել վերոնշյալ երեք անցման կետերի արդիականացումը:

Հուլիսի 22-ին նախագահի կողմից ստորագրված մեկ այլ փաստաթղթով՝ նրա կարգադրությամբ մեկնարկել է ՀՀ պետական սահմանի անցման կետերում արդեն իսկ կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման գործընթացը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---