Գիտնականներ. Պլուտոնի սառցե մակերեսի տակ կարող է հեղուկ օվկիանոս թաքնված լինել

Գիտնականներ. Պլուտոնի սառցե մակերեսի տակ կարող է հեղուկ օվկիանոս թաքնված լինել

PanARMENIAN.Net - NASA-ի մասնագետներն ու Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները տեսություն են առաջ քաշել, որի համաձայն Պլուտոն գաճաճ մոլորակի սառցե մակերեսի տակ կարող է հեղուկ օվկիանոս թաքնված լինել: Օվկիանոսի գոյությունը Պլուտոնում կարող է բացատրել նաև որոշ երկրաբանական երևույթները, որոնց վկան է դարձել «Նոր հորիզոններ» զոնդը, որը մոլորակի մոտով անցավ հուլիսի 14-ին: Եթե իրոք Պլուտոնում օվկիանոս կա, ապա, հավանաբար, այն գտնվում է սառցե մակերեսի և պինդ միջուկի միջև:

Պատմական մոտեցումը Պլուտոնին տեղի է ունեցել հուլիսի 14-ին` Երևանի ժամանակով 15:49-ին: Այդ պահին սարքը գտնվում էր 12,5 կմ հեռավորության վրա մոլորակից: Հուլիսի 15-ին, Երևանի ժամանակով 04:55-ին զոնդն առաջին տվյալներն ուղարկեց Երկիր Պլուտոնի հետ առավելագույն մերձեցումից հետո, որն ընթանում էր ռադիոլռության ռեժիմով:

Մինչ օրս «Նոր հորիզոններ» զոնդը Երկիր է փոխանցել Պլուտոնի և նրա արբանյակների մասին հավաքված տվյալների ընդամենը 5 տոկոսը: Սակայն նույնիսկ այդ 5 տոկոսը բավարար էր, որպեսզի գիտնականները զգալիորեն փոխեն իրենց կարծիքն ու գիտելիքներն այս տիեզերական մարմնի մասին:

Չնայած, որ գիտնականները դեռ չեն ստացել հավաքված տվյալների մեծ մասը, NASA-ի մասնագետներն արդեն սկսում են ենթադրություններ անել: «Այն ամբողջ ակտիվությունը, որի վկան մենք դարձանք, հուշում է, որ Պլուտոնն ունի մեծ պինդ միջուկ` շրջապատված սառցե թաղանթով: Սա իր հերթին ավելացնում է այն հավանականությունը, որ սառցե հաստ շերտի տակ կարող է օվկիանոս լինել»,-հայտնում է NASA-ն:

NASA-ի ներկայացուցիչներ ավելի վաղ հայտնել էին, որ կայանը Պլուտոնի վրա հայտնաբերել է շարժվող ազոտային սառույց: Սառույցի տեղաշարժը հիշեցնում է սառցադաշտերի միգրացիան Երկրի վրա: Սառցադաշտերի տեղաշարժը նկատվել է Պլուտոնի «սրտի» ձախ եզրին (այն նաև Տոմբոյի շրջան է կոչվում): Առավել ցայտուն են այդ գործընթացները «Սպուտնիկ բարձրավանդակի» շրջանում, որտեղ գիտնականներին հաջողվել է տեղանքի մութ և լուսավոր հատվածների սահմանին տեսնել սառցադաշտերի տեղաշարժին բնորոշ տեսարան:

Գիտնականները կարծում են, որ ազոտային սառույցը լցնում է բոլոր իջվածքները` խառնարաններն ու կանալները, իսկ Պլուտոնի մակերեսը ծածկված է դրանով շատ անհավասար: «Այդպես, Պլուտոնի «սիրտը» սառույցի հաստ շերտով է պատված, մինչդեռ մյուս մերձհասարակածային տարածքները (մասնավորապես, այսպես կոչված Կիտ տարածաշրջանը) շատ ավելի քիչ է պատված սառույցով: Շատ է սառույցը գաճաճ մոլորակի բևեռներում, իսկ միջին լայնություններում սառցի քանակը չափավոր է:

«Նոր հորիզոնները» ավտոմատ միջմոլորակային կայան է, որը գործարկվել է «Նոր սահմաններ» ծրագրի շրջանակում և նախատեսված է Պլուտոնի և նրա բնական արբանյակ Քարոնի ուսումնասիրության համար: Գործարկումն իրականացվել է 2006թ. հունվարի 19-ին, 2007-ին այն մոտեցել է Յուպիտերին, իսկ 2015-ին` Պլուտոնին: Պլուտոնի մոտով անցնելուց հետո սարքը, հնարավոր է, կուսումնասիրի նաև Կոյպերի գոտւ օբյեկտներից մեկը: «Նոր հորիզոններ» ծրագիրը հաշվարկված է 15-17 տարվա համար: Պլուտոնը Արեգակնային համակարգի իններորդ մոլորակն է: Երկրից շատ հեռու է, և նրա մասին քիչ բան է հայտնի: Իր ուղեծրի ամենահեռավոր կետում նա Արեգակից հեռանում է 7 մլրդ կմ: Պլուտոնը համարվում է գաճաճ մոլորակ: Պլուտոնի ուղեծիրը շատ առումներով նման չէ Արեգակին ավելի մոտ, մեծ մոլորակների ուղեծրերին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---