Reuters. Հալեպի հյուսիսում ԻՊ-ն առաջխաղացում ունի

Reuters. Հալեպի հյուսիսում ԻՊ-ն առաջխաղացում ունի

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր հարձակում է իրականացրել Հալեպի նահանգի հյուսիսում գտնվող սիրիացի ապստամբների վրա՝ տարածքներ գրավելով թուրք-սիրիական սահմանի մոտակայքում՝ այնտեղ, որտեղ Թուրքիան և Միացյալ Նահանգները նպատակ են դրել ջիհադական խմբից ազատ գոտի ստեղծել:

Թուրքիայի հետ սահմանից 20 կմ դեպի հարավ գտնվող Մարեա քաղաքում և քաղաքի շրջակայքում տեղի ունեցած կռիվների ընթացքում տասնյակ մարտիկներ են զոհվել երկու կողմից էլ, Reuters-ին հղումով գրում է Tert.am-ը:

Հուլիսին ԱՄՆ-ն և Թուրքիան հայտարարել են, որ մտադիր են օդային օգնություն տրամադրել ապստամբներին և միասին հետ մղել «Իսլամական պետությանը» սահմանի մոտ գտնվող հողատարածքից: Ստեղծվելիք բուֆերային գոտին կնշանակի, որ ԻՊ-ն զրկվում է Թուրքիային կապող իր վերջին ուղուց։

Մարեայի վրա իրականացված հարձակումից առաջ ԻՊ գրոհայինները գրավել են մոտակայքում մինչ այդ ապստամբների հսկողության տակ գտնվող Ում Հոշ գյուղը: Այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը և ապստամբ հրամանատարներից մեկը:

«Կատաղի մարտեր են: Հյուսիսային Հալեպում իրավիճակը վատ է»,- ասել է հրամանատարը:

Մեծ Բրիտանիայում տեղակայված սիրիական կենտրոնի տեղեկություններով՝ առնվազն 25 ապստամբ և ԻՊ 8 զինյալ է սպանվել Մարեայում։

Հալեպում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Հուլիսի 27-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները Նայյալ թաղամասի մուտքի մոտ հրթիռ են արձակել, ինչի արդյունքում զոհ ու վիրավորներ կան։ Հրթիռակոծվել է նաև հայաշատ Նոր Գյուղ թաղամասը՝ նյութական վնասներ առաջացնելով: Ապրիլին քաղաքի Սրբոց Քառասնից Մանկանց 15-րդ դարի եկեղեցին ավերակի էր վերածվել ռմբակոծության հետևանքով: Հուլիսին Հալեպում ձերբակալված ահաբեկիչները խոստովանել են, որ իրենք նախքան սիրիական քաղաք մեկնելը Թուրքիայում գտնվող ռազմական ճամբարներում ռազմական պատրաստություն են անցել:

2011-ի մարտին Սիրիայում հակամարտություն է սկսվել: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։

ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---