Պերմյակովի առաջին դատը. Մեղադրյալն ընդունել է մեղքը՝ հրաժարվելով ցուցմունքից

Պերմյակովի առաջին դատը. Մեղադրյալն ընդունել է մեղքը՝ հրաժարվելով ցուցմունքից

PanARMENIAN.Net - Գյումրիում այսօր՝ օգոստոսի 12-ին, մեկնարակել է 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ քրեական գործով բաց դատական նիստը: Այն ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածով նախատեսված հանցագործությունների մասով է՝ զենքով դասալքության, զենք և զինամթերք գողանալու և դրա անօրինական ձեռքբերման, փոխանցման, պահպանման, տեղափոխության և կրման:

Պերմյակովի նկատմամբ քրեական գործ է հարուցել նաև հայկական կողմը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանություն): Հայկական դատական ատյանները կզբաղվեն արդեն Ավետիսյանների սպանության գործով: Այդ գործով նախաքննությունը դեռ չի ավարտվել, դատական նիստի ժամկետները դեռ հայտնի չեն:

Նախագահող դատավոր Ալեքսանդր Շելդյաևը տեղեկացրել է ամբաստանյալին, ինչպես նաև կողմերին իրենց իրավունքների մասին: Պերմյակովը դատարանի դահլիճում մեկուսացված է ապակեպատ «պատնեշով», գրում է Panorama.am-ը:

Մեղադրյալն ընդունել է դասալքության և ապօրինի զենք-զինամթերք կրելու մասով ներկայացված մեղադրանքները: Դատարանի հարցրել է. «Դուք ձեզ մեղավոր համարու՞մ եք, ճի՞շտ են ներկայացված ցուցմունքները»։ Մեղադրյալն ասել է. «Այո, ես ամեն ինչ հաստատում եմ»։ Միաժամանակ Պերմյակովը հրաժարվել է ցուցմունք տալ և հաստատել է նախկին ցուցմունքը, որը տվել է նախաքննության ընթացքում, երբ նա իրեն ամբողջությամբ մեղավոր է ճանաչել։ Դրանից հետո մեղադրյալի ցուցմունքն ընթերցվել է, գրում է Sputnik Armenia-ն:

Ըստ Պերմյակովի ցուցմունքի, նա Ավետիսյանների տանը մնացել է 10-15 րոպե, տեղանքին ծանոթ չի եղել: Զինծառայողը ցանկացել է անցնել հայ-թուրքական սահամնը, սակայն սահմանապահները ձերբակալել են: Ըստ սղագրության, «Պերմյակովը հայտարարել է, որ սկզբում սպանելու մտադրություն չի ունեցել, այլ ուղղակի վախեցնելու համար օդ է կրակել»: Ավետիսյանների տանից նա ուզում էր միայն փող վերցնել, իսկ մեկ այլ տնից հագուստ` Թուրքիա, հետո Ռուսաստան հեռանալու նպատակով: Ինքնաձիգը վերցրել է, որպեսզի շներին քշի, հետագայում մտադիր է եղել վաճառել զենքը: Պատահական տուն է մտել, մարդիկ քնած են եղել, բայց արթնացել են: Նա վախեցել է և սպանել նրանց, թողել ամեն ինչ և փախել: Պերմյակովն ասել է, որ ուզում էր ընդհանրապես խուսափել ծառայությունից: Նա ասել է, որ մեղսակից չունի, ինքն է որոշել փախչել պահակակետից դրանից մի քանի օր առաջ: Ըստ նրա, հասկանում էր, որ կողոպուտ է կատարում, երբ զենքով լքում էր զորամասը:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվել էին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ հունվարի 19-ին մահացել էր: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել, նա ընդունել էր կատարած հանցանքը: Նրան տեղափոխել էին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել հասարակության շրջանում:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը վարույթ է ընդունել հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի՝ 7 անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործը։ Կազմվել է քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀԿԳ քննության գլխավոր վարչության և Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ինքնաձիգ, ինքնաձիգից արձակված պարկուճներ, պահունակ՝ փամփուշտներով, ՌԴ զինծառայողի տարբերանշանով զինվորական համազգեստ, կոշիկներ։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 26-ին ՀՀ և ՌԴ միջև տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությանը։ Նա նշել է, որ սպանության մասով գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշումը և Հայաստանի համապատասխան ատյանի կողմից հետագա դատաքննությունը, անկասկած, արտացոլում է գործընկերության և եղբայրության ոգին և լիովին համապատասխանում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կարգավիճակի մասին հայ-ռուսական համաձայնագրի դրույթներին:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---