ՄԱԿ գլխավոր քարտուղարը «ռազմական հանցագործություն» է անվանել անտիկ տաճարի պայթեցումը Պալմիրայում

ՄԱԿ գլխավոր քարտուղարը «ռազմական հանցագործություն» է անվանել անտիկ տաճարի պայթեցումը Պալմիրայում

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է «Իսլամական պետության» գրոհայինների կողմից անտիկ դարաշրջանի Բաալ Շամին տաճարի պայթեցումը սիրիական Պալմիրայում, ինչպես նաև հնագետ գիտնականի սպանությունն այդ քաղաքում: ՄԱԿ ղեկավարի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ ծայրահեղականների գործողությունները գնահատվում են որպես «ահաբեկչություն և ռազմական հանցագործություն»: Պան Գի Մունը նաև կոչ է արել միջազգային հանրությանը վերջ տալ դրան, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաալ Շամին անտիկ դարաշրջանի տաճարը կառուցվել է առաջին դարում և նվիրված էր գերագույն աստված Բաալին, որը համեմատելի է հունական Զևսի հետ: Տաճարը հինավուրց Թադմոր քաղաքի ավերակների մաս էր կազմում: Հնագետները տաճարը համարում էին Պալմիրայի ամենաարժեքավոր ու լավ պահպանված տաճարներից մեկը: Այն մասնակիորեն վերականգնված էր:

«Ահաբեկչության այդ բարբարոսական ակտերը շարունակում են վերջին 4 տարում Սիրիայում քաղաքացիական բնակչության և երկրի մշակութային ժառանգության դեմ գործված հանցագործությունների երկար ցանկը: Գլխավոր քարտուղարը կոչ է անում միջազգային հանրությանը միավորվել և վերջ դնել այդ ահաբեկչական գործունեությանը: Նա նշել է, որ մեր ընդհանուր մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացումը ռազմական հանցագործություն է, իսկ մեղավորները պետք է դատարանի առջև կանգնեն»,-ասվում է կոմյունիկեում:

Ավելի վաղ նմանատաիպ կոչով հանդես եկավ նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, որը նույնպես որպես «ռազմական հանցագործություն» է որակել անտիկ տաճարի ավերումը: Նա ասել է, որ Պալմիրայի արվեստն ու ճարտարապետությունը «սիրիական պատմության և ինքնության բազմազանության և հարստության խորհրդանիշն են»: «Սա հսկայական կորուստ է ամբողջ մարդկության համար»,-հայտարարել է Բոկովան:

Ըստ Աստվածաշնչի Պալմիրան հիմնել է Սողոմոն արքան Դամասկոսի և Եփրատի միջև գտնվող օազիսում: 3 կմ տարածք զբաղեցնող Պալմիրայի ավերակները, թվագրված III դարով, ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Մինչ պատերազմը այստեղ ապրում էր 35 հազար մարդ, 2013-ին ծայրահեղականների առաջին հարձակումից հետո մոտ 9 հազարը հեռացան քաղաքից:

Ավելի վաղ ԻՊ գրոհայինները հայտարարություն տարածեցին, որ «Իսլամական պետությունը» խոստանում է «զուսպ» լինել հելլենական մշակույթի ամենաարժեքավոր հուշարձաններից մեկի`Սիրիայի տարածքում գտնվող Պալմիրայի ավերակների հարցում: Ըստ տեղաբնակների, ահաբեկիչները հայտարարել էին, թե չեն դիպչի ավերակներին: «Նրանք խոստացել են, որ միայն անտիկ հուշարձանները կքանդեն, որոնք, ըստ իսլամի, հեթանոսական կուռքեր են»,-ասել են տեղի համակարգող կոմիտեի ակտիվիստները:

Վտանգ կա, որ Պալմիրան կարժանանա Իրաքի մի շարք ճարտարապետական հուշակոթողների ճակատագրին, որոնք քանդեցին «Իսլամական պետության» գրոհայինները: Նման մտավախություն է հայտնել նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի տնօրեն Իրիան Բոկովան` պահանջելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները անտիկ դարաշրջանի ավերակների հարևանությամբ:

Մի քանի օր առաջ «Իսլամական պետության» գրոհայինները բուլդոզերների օգնությամբ եկեղեցի քանդեցին Սիրիայում: Այն գտնվում էր Էլ Քարյաթան քաղաքում, որը ահաբեկիչները գրավել էին ընթացիկ տարվա օգոստոսի սկզբին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն ականապատել են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հինավուրց Պալմիրայի ավերակները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---