Մեծ Բրիտանիան մտադիր է ապօրինի ներգաղթյալներին 6 ամսվա ազատազրկման դատապարտել

Մեծ Բրիտանիան մտադիր է ապօրինի ներգաղթյալներին 6 ամսվա ազատազրկման դատապարտել

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում ապօրինի ներգաղթյալներին 6 ամսվա ազատազրկում է սպառնում: Սա միջոցներից մեկն է, որ առաջարկում է Բրիտանիայի ՆԳՆ-ն, հակազդելու համար ապօրինի ներգաղթյալների փոխադրմանը Եվրոպայից բրիտանական կղզիներ:

Ըստ ԵՄ «Տրիտոն» գործողության ղեկավարի հրապարակած տվյալների, 2015-ի հունվար-հուլիսին ԵՄ տարածք է մուտք գործել 340 հազար ներգաղթյալ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:

«Ապօրինի ներգաթյալներին 6 ամսվա ազատազրկում կսպառնա, իսկ խարդախ գործատուի բիզնեսը կփակվի և արտոնգիրը կչեղարկվի, իսկ եթե նա շարունակի անտեսել օրենքը, կենթարկվի դատական հետապնդման»,-հայտարարել է ներքին գործերի նախարարի միգրացիայի գծով օգնական Ջեյմս Բրոքենշիրը:

Նա ասել է, որ «նա, ով կարծում է, թե Մեծ Բրիտանիան թույլ օղակն է, չարաչար սխալվում է. եթե դուք այստեղ ապօրինի եք գտնվում, մենք միջոցներ կձեռնարկենք, որ դուք չկարողանք այստեղ աշխատել, բնակարան վարձակալել, բանկային հաշվեհամար բացել կամ մեքենա վարել», հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք այնպիսի միգրացիոն համակարգ կստեղծենք, որը կգործի ի շահ բրիտանացիների և նրանց, ով պահպանում է կանոնները»,-ասել է նա:

Մեծ Բրիտանիայի վերահսկիչ մարմիններն այժմ հաճախակի շրջայցեր կկատարեն փաբերում, բարերում ու գիշերային սրճարաններում` ստուգելու համար այնտեղ աշխատողների կարգավիճակը: Նման հաստատությունների սեփականատերերն են ամենից հաճախ օգտագործում ապօրինի ներգաղթյալների աշխատանքը:

Այն անձիքն, որոնք իշխանությունների զգուշացումներից հետո, այնուամենայնիվ կշարունակեն նպաստել ապօրինի ներգաղթյալների աշխատանքի տեղավորմանը, կազատազրկվեն մինչև 5 տարի` նախկինում նախատեսված էր 2 տարվա ազատազրկում:

Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնին կոչ է արել Եվրամիության բոլոր երկրներին շտապ մասնակցել վերջին շրջանում կտրուկ սրված ներգաղթյալների խնդրի լուծմանը:

Ավելի վաղ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դը Մեզիերը հայտարարեց, որ ազատ տեղաշարժը Շենգենի գոտում կարող է վտանգի տակ հայտնվել: Եվրոպական երկրները մեծ խնդիրներ ունեն կապված ներգաղթյալների աննախադեպ հոսքի հետ: Գերմանիայի իշխանությունները մինչև տարեվերջ մոտ 800 հազար փախստականի ներհոսք են ակնկալում, ինչը 4 անգամ գերազանցում է 2014-ի ցուցանիշը:

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: «Այսօր աշխարհում փախստականների հետ կապված ամենախորը ճգնաժամն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից ի վեր: Եվրոպան փորձում է ընդունել մարդկանց հոսքը, որոնք ապաստան են փնտրում մեր սահմաններում»,-ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, նա մտահոգված է միգրանտների հետ կապված իրավիճակով ԵՄ անդամ երկրներում:

ԵՄ երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Փարիզում հոկտեմբերին` քննարկելու համար ապօրինի ներգաղթյալների աննախադեպ հոսքը Եվրոպա: Այդ մասին օգոստոսի 21-ին հայտնեց Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բերնար Կազնյովը Բեռլինում իր գերմանացի պաշտոնակից Թոմաս դը Մեզիերի հետ հանդիպմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---