Եվրամիությունն ու Թուրքիան գնացքներ են, որ սլանում են միմյանց ընդառաջ նույն ուղիով

PanARMENIAN.Net - ԵՄ անդամ 25 երկրների ԱԳՆ ղեկավարները եւ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Աբդուլլահ Գյուլը Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների հարցը, որոնք հատկապես դժվար ընթացք են ստացել Կիպրոսի խնդրի վերաբերյալ չդադարող վեճերի պատճառով, հաղորդում է «Deutsche Welle»-ն: Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերությունները հարթ չեն դասավորվում: Մեկ տարի առաջ մեկնարկած բանակցություններն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հնարավորության շուրջ նորանոր խոչընդոտների են բախվում: Առաջին հերթին, խոսքն այն մասին է, որ Անկարան չի ձգտում լուրջ բարեփոխումների, որոնք կմերձեցնեն նրան Եվրոպայի հետ: Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլլի Ռենը չի կարող զսպել իր զգացմունքները, երբ խոսքը գնում է Թուրքիայի դիրքորոշման մասին. «Մենք ակնկալում ենք, որ Թուրքիան լուրջ ջանքեր կգործադրի ժողովրդավարական հասարակության ստեղծմանն ուղղված իրավական եւ քաղաքական բարեփոխումների իրագործման համար: Դա էապես կդյուրացներ բանակցությունները»:

Սակայն դեռեւս Թուրքիայում կատարվում է եվրոպացիների ակնկալիքների հակառակը: Անկարայի կառավարությունը օրենքներ է ընդունել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ, որոնք հազիվ թե համապատասխանեն եվրոպացիների պատկերացումներին այդ խնդրի մասին: Տարբեր տեսակի փոքրամասնությունների վիճակը Թուրքիայում ավելի շուտ վատացել է, քան բարելավվել: Եվ ամենակարեւոր խնդիրը` Անկարան չի կատարում իր խոստումները:



Ռեջեփ Էրդողանի կառավարությունը, սկսած ԵՄ-ի հետ բանակցություններից, խոստացել էր, որ կբացի թուրքական օդակայանները եւ ծովային նավահանգիստները կիպրոսյան ինքնաթիռների եւ նավերի համար: Սակայն այդ խոստումներից մեկ տարի անց էլ ոչինչ չի փոխվել:



Կիպրոսը սպառնում է արգելափակել բանակցությունները, ճիշտ է, նույնպես ջանք չգործադրելով իրավիճակի բարելավման համար: Սակայն մի բան պարզ է` ԵՄ-ն իրոք կարող է դադարեցնել բանակցային գործընթացը, եթե մինչեւ տարեվերջ Անկարան չկատարի իր ստանձնած պարտավորությունները: Օլլի Ռենը, անդրադառնալով Եվրամիության եւ Թուրքիայի հարաբերություններին, ավելի հաճախ է սկսել համեմատել դրանք նույն ուղիով միմյանց ընդառաջ սլացող երկու գնացքների հետ: Աղետը կանխելու համար, ԵՄ-ն մտադիր է տալ Անկարային, հավանաբար, վերջին շանսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---