ՀԵՀ. Սահմանամերձ համայնքների 1-ին կուրսեցիների ուսվարձը կփոխհատուցվի

ՀԵՀ. Սահմանամերձ համայնքների 1-ին կուրսեցիների ուսվարձը կփոխհատուցվի

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ՀՀ կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ կփոխհատուցի ՀՀ սահմանամերձ որոշ համայնքների պետական, ոչ պետական, միջպետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի 1-ին կուրսերում սովորող ուսանողների 2015-2016 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձը։ Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի մամուլի ծառայաությունը:

Փոխհատուցման ենթակա համայնքներն են. Արարատի մարզ՝ Երասխ, Գեղարքունիքի մարզ՝ Վահան, Ճամբարակ, Վայոց ձորի մարզ՝ Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձրունի, Տավուշի մարզ՝ Ն.Կ. Աղբյուր, Ոսկևան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Ոսկեպար, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան, Մոսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Այգեհովիտ, Վ.Կ. Աղբյուր:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը տեղեկացրել է, որ հիմք են ընդունվել սահմանամերձ այն համայնքները, որոնք ՀՀ կառավարության որոշմամբ ստանում են սոցիալական աջակցություն։

Ավագյանը նծել է նաև, որ Երիտասարդական հիմնադրամն արդեն 2-րդ անգամ է իրականացնում սահմանամերձ համայնքների ուսանողների աջակցման ծրագիր. 2014-2015 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում փոխհատուցվել է սահմանամերձ մի շարք համայնքների մոտ 140 ուսանողի ուսման վարձն ամբողջությամբ։

«Հիմնադրամն առաջին անգամ է կրթաթոշակների փոխհատուցման իր ծրագրերում ընդգրկում նաև ոչ պետական և միջպետական բուհերի ուսանողներին։ Թեև ժամանակ առ ժամանակ չարակամների կողմից ստանում ենք պիտակավորումներ, սակայն դրանք չեն խանգարում մեզ նոր ծրագրերով հանդես գալ», - նշել է նա:

Նշված համայնքների 1-ին կուրսերի ուսանողները ՀԵՀ-ին պետք է դիմեն անձամբ։ Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը 2015-ի հոկտեմբերի 2-ն է։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերը (ուսանողի անձնագրի պատճենը, որտեղ առկա է նաև գրանցման վայրի մասին նշում, 3։4 չափի 1 լուսանկար, տեղեկանք բնակավայրից, տեղեկանք բուհից, ստուգման գրքույկի պատճենը) ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է՝ 13.00-14.00-ն):

Սեպտեմբերի 5-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ, ծանոթացել սահմանային գոտում առկա իրավիճակին, այնտեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և խնդիրներին:

Վարչապետը վստահեցրել է, որ հակառակորդի կողմից կրակահերթերի հետևանքով սահամանամերձ համայնքների բնակիչների բնակարանների կրած վնասները կփոխհատուցի ՀՀ կառավարությունը:

Վերջին շրջանում իրավիճակը սահմանին ու շփման գծում լարված է:

Սեպտեմբերի առաջին օրերից հակառակորդը կրակի տակ է պահում Տավուշի մարզը: Սեպտեմբերի լույս 5-ի գիշերը և առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներ ու ականանետեր: Անկանոն բնույթի կրակահերթեր են արձակվել ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերի ու սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` հակառակորդի ակտիվությունը ճնշելու և կրակակետերը լռեցնելու նպատակով: Սեպտեմբերի 2-ի երեկոյան մինչև ուշ գիշեր հակառակորդը կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում՝ ականանետերից, նախևառաջ դիրքերի, ինչպես նաև որոշ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Տավուշի 20 գյուղն էլ այս կամ այն չափով ընկել են կրակի տակ։ Հակառակորդին լռեցնել հնարավոր է եղել միայն պատասխան կրակից հետո։ Կրակոցներից Կոթիի 2 բնակիչ է վիրավորվել: Նույն օրըհակառակորդի գնդակից Տավուշում պայմանագրային զինծառայող է զոհվել՝ 1975-ին ծնված Հայկ Կառլենի Դևոյանը:

ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը և սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---