Փաշինյանի՝ հին մեքենաներով երթևեկությունը խախտողներին կիսով չափ տունագելու առաջարկը մերժվել է

Փաշինյանի՝ հին մեքենաներով երթևեկությունը խախտողներին կիսով չափ տունագելու առաջարկը մերժվել է

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 10-ի նիստում բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծին։

Նախաձեռնության վերաբերյալ Կառավարության եզրակացությունը ներկայացրել էր արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նախարարի խոսքով՝ պատգամավորն առաջարկում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքներ նշանակելիս որոշակի տարբերակում մտցնել, մասնավորապես սոցիալապես պակաս ապահովված վարորդների տուգանքի չափերը նվազեցնել 50%-ով, ինչի արդյունքում կթեթևանա երթևեկությանը հետևող տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի գործունեության արդյունքում ՀՀ քաղաքացիների ուսերին ծանրացող ֆինանսական բեռը, գրում է Tert.am-ը:

Հովհաննիսյանը շեշտել է, որ գործադիրը կիսում է ՀԱԿ պատգամավորի մտահոգությունը, սակայն այն չափորոշիչները, որոնք դրված են առաջարկվող փոփոխության հիմքում, չեն կարող օբյեկտիվորեն ներկայացնել վարորդների իրական սոցիալական վիճակը։

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 13-ին Ազգային ժողովում պաշտոնապես շրջանառության մեջ է դրել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ըստ նախագծի՝ եթե արագաչափերով արձանագրված խախտումը կատարվել է 15 տարի և ավելի հնության մեքենայով, առնվազն 10 տարվա և 250-ից 350 ձիաուժ շարժիչով մեքենայով, առնվազն 5 տարվա և 120-ից 250 ձիաուժ շարժիչով մեքենայով, մինչև 120 ձիաուժ հզորությամբ ցանկացած տարիքի մեքենայով, բեռնատար մեքենայով, ավտոբուսով կամ միկրոավտոբուսով, այդ դեպքերում նշանակվում է տուգանք Վարչական օրենսգրքով սահմանված տուգանքի կեսի չափով:

Պատգամավորը նշել էր, թե հասկանում է, որ հարց է ծագելու. ի՞նչ կապ ունի՝ ինչ մեքենայով է արվել խախտումը: Խախտումը խախտում է և կապ չունի, թե ինչ մեքենայով է դա արվել: Այս տեսակետը իհարկե, արդարացի է, եթե խնդրին մոտենանք երթևեկության անվտանգության տեսակետից: Բայց հենց դա է խնդիրը. կարծում եմ բավարար հիմքեր կան ապացուցված համարելու, որ երթևեկությանը հետևող տեսախցիկները և արագաչափերը ոչ մի կապ չունեն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հետ: Որքան շատանում են արագաչափերն ու տեսախցիկները, այնքան շատանում են խախտումները, այսինքն՝ կարգազանց վարորդների թիվը, և ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածների թիվը ոչ միայն չի պակասում, այլև ավելանում է:

2014-ի հուլիսի 26-ից ուժի մեջ է մտել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը: Ըստ օրենքի՝ երթևեկության սահմանված արագությունը 1-20 կմ/ժ-ով գերազանցելու դեպքում յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի չափով: Օրինակ, ճանապարհի որոշակի տեղամասում թույլատրված առավելագույն արագությունը 60 կմ/ժ է, իսկ դուք երթևեկել եք 73 կմ/ժ արագությամբ. այդ դեպքում տուգանքը կկազմի` 73-10 (արագաչափ սարքի հնարավոր սխալ) = 63-60 (թույլատրելի առավելագույն արագություն) = 3 * 1000 = 3000 դրամ: Երթևեկության սահմանված արագությունը 21-30 կմ/ժ-ով սահմանված արագության գերազանցելու դեպքում կկիրառվի հաստատուն 30.000 դրամ տուգանք:

2014-ի ապրիլի սկզբին Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես շրջանառության մեջ էր դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Մասնավորապես, առաջարկվում էր սահմանված առավելագույն արագությունը մինչև 10 կմ/ժ-ով գերազանցելու համար տուգանք սահմանել 3.000 դրամ՝ գործող 10.000 դրամի փոխարեն: Առաջարկվում է՝ սահմանված առավելագույն արագությունը 11-20 կմ/ժ-ով գերազանցելու պարագան դիտարկել որպես առանձին իրավախախտում և դրա համար տուգանք սահմանել 6.000 դրամը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---