Սահմանադրության նոր նախագիծը` ԱԺ լիագումար նիստի օրակարգում

Սահմանադրության նոր նախագիծը` ԱԺ լիագումար նիստի օրակարգում

PanARMENIAN.Net - Սահմանադրական փոփոխությունների նախագիծը սեպտեմբերի 11-ին ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն է ստացել և ընդգրկվել ԱԺ լիագումար նիստի օրակարգ:

ԱԺ աշնանային նստաշրջանը մեկնարկելու է սեպտեմբերի 14-ին, սակայն քանի որ սեպտեմբերի 14-ը ոչ աշխատանքային է, ապա քառօրյան կմեկնարկի սեպտեմբերի 15-ից:

Նախագծին դեմ էին ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, Տիգրան Ուրիխանյանը և ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը, գրում է Panorama.am-ը:

Նախագծի հիմնական զեկուցող է նշանակված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը, ով նաև ՀՀ նախագահի ներկայացուցիչն է ԱԺ-ում:

Սեպտեմբերի 4-ին Ազգային ժողովում կայացել են սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ լսումներ: Պետաիրավական հանձնաժողովի կողմից կազմակերպվելիք լսումներին հրավիրված են եղել քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել ՀՀ նախագահին: Նախագահը օգոստոսի 21-ին նախագիծը ՀՀ Ազգային ժողով է ուղարկել:

Հրապարակված Սահամանդրության նախագծի 5-րդ գլուխը վերաբերում է Հանրապետության նախագահին: Ըստ դրա, Սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով (գործող Սահմանադրությամբ 5 տարով է): Նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ (ներկայիս երկու անգամվա փոխարեն): Նախագահին ընտրում է ընտրիչների ժողովը, որի կազմում Ազգային ժողովի պատգամավորներ են և նրանց թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից: Սահմանադրության 4-րդ գլուխը վերաբերում է Ազգային ժողովին: Ըստ փոփոխված տարբերակի՝ ԱԺ կազմված է լինելու առնվազն 101 պատգամավորից (գործող Սահմանադրությամբ 131 է): Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվելու ազգային փոքրամասնություններին: Խորհրդարանն ընտրվում է համամասնական ընտրակարգով 5 տարի ժամկետով: (գործող Սահմանադրությամբ ընտրակարգերը երկուսն էին՝ համամասնական ու մեծամասնական): Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթներ:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում նախագահականից խորհրդարանական կառավարման:

Վենետիկի հանձնաժողովը հուլիսի 31-ին հրապարակել է իր նախնական դիտարկումները Հայաստանում սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Հանձնաժողովն իր 29 էջանոց նախնական գնահատականում առաջարկում է հանել քվեարկելու և Ազգային ժողովի թեկնածու լինելու մասին սահմանափակումները: Բացի այդ, առաջարկվում է չեղարկել ամենաշատ ձայները ստացած կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների միջև ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին դրույթը: Խոսքը Սահմանադրության նախագծի 89/4 հոդվածի մասին է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---