15 սեպտեմբերի 2015 - 10:59 AMT
Ադրբեջանը դուրս կգա «Եվրանեսթ»-ից. Կվերանայվի նաև «Արևելյան գործընկերությանը» մասնակցությունը

Սեպտեմբերի 14-ին կայացած Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի մեջլիսի հատուկ նիստում բանաձև է ընդունվել սեպտեմբերի 10-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի առնչությամբ:

Մեջլիսը որոշել է, որ «Եվրանեսթ»-ի Խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի համաձայն՝ անցնում է այդ կազմակերպությունում Ադրբեջանի խորհրդարանի անդամակցության դադարեցման վերաբերյալ ընթացակարգային կանոնների կատարմանը, իսկ ընթացակարգի ժամանակահատվածում մեջլիսի պատվիրակությունները չեն մասնակցի «Եվրանեսթի» միջոցառումներին։

Որոշում է կայացվել նաև վերջ դնել ներկայիս ձևաչափով Եվրամիություն-Ադրբեջան խորհրդարանական գործակցության հանձնաժողովի գործունեությանը մասնակցությանը և խորհուրդ է տրվել Ադրեջանի նախարարների կաբինետին վերանայել Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրին մասնակցության նպատակահարմարությունը,ադրբեջանայկան ԱՊԱ գործակալությանը հղումով գրում է Tert.am-ը:

Ադրբեջանի խորհրդարանը նաև կոչ է արել Եվրոպական խորհրդարանին ուշադրություն դարձնել Եվրոպայում իսլամատյացությանն ու այլատյացությանը, ինչպես նաև պահանջել է Եվրոպական խորհրդարանից վերջ դնել Ադրբեջանի դատական համակարգի նկատմամբ ճնշման փորձերին՝ «կոնկրետ հանցավոր գործողությունները քաղաքականացնելու ճանապարհով»։

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 10-ի նիստում Ադրբեջանում լրագրողների ու ակտիվիստների հիմնարար ազատությունների ու իրավունքների խախտումները դատապարտող բանաձև է ընդունել: Բանաձևի տեքստում հիշատակվում է մարդու իրավունքների աղետալի վիճակն Ադրբեջանում, նշվում է քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին։

Ադրբեջանի Միլի մեջլիսի՝ խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը սեպտեմբերի 14-ին հայտարարել է, որ Եվրախորհրադարանի՝ հակաադրբեջանական բանաձևի նպատակներից է Ադրբեջանի մեկուսացումը Եվրոպայից, երկրի հեղինակությանը վնասելը, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պաշտոնական Բաքվին որոշակի պայմաններ թելադրելը:

Հարցի առնչությամբ սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի արտգործնախարարություն է կանչվել Եվրամիության ներկայացուցիչ Մալենա Մարդը։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, երկրի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը երկրում ԵՄ ներկայացուցչին ներկայացրել է Ադրբեջանի տեսակետն ու նշել, որ պաշտոնական Բաքուն խստորեն դատապարտում էԵվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը։

Եվրախորհրդարանի փաստաթուղթը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կատարել Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի առաջ ստանձնած պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում, կատարել այդ կազմակերպությունների խորհուրդները՝ իրավիճակի բարելավման համար, ավելի ժողովրդավար նախընտրական միջավայր ստեղծել։Հակառակ դեպքում՝ Եվրախորհրդարանը սպառնում է դիտորդներ չուղարկել Ադրբեջանում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: