Սպիտակ տուն. Սատարելով Ասադին` Ռուսաստանը կհայտնվի միջազգային մեկուսացման մեջ

Սպիտակ տուն. Սատարելով Ասադին` Ռուսաստանը կհայտնվի միջազգային մեկուսացման մեջ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կարող է միջազգային մեկուսացման մեջ հայտնվել, եթե շարունակի աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, հայտարարել է Սպիտան տան մամուլի քարտուղար Ջոշուա Էռնեստը:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ կլինի, եթե Ռուսաստանը չմիանա ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիային, որը հակաահաբեկչական գործողություններ է իրականացնում Իրաքում և Սիրիայում, նա ասել է, որ եթե ՌԴ-ն սատարի Ասադին, «կհայտնվի միջազգային մեկուսացման մեջ»: «Այդ դեպքում նրանք կկատարեն խնդիրներ, որոնք հակադիր են ԱՄՆ գլխավորած 60 երկրների կոալիցիայի նպատակներին, որը պայքարում է ԻՊ դեմ»,-պնդում է նա:

Միևնույն ժամանակ, Էռնեստը նշել է, որ «Ռուսաստանի շահերը Սիրիայում չեն հակասում մնացած աշխարհի շահերին»: «Ռուսաստանը շահագրգռված է, որ հակաահաբեկչական կոալիցիայի գործողությունները հաջողությամբ պսակվեն: ՌԴ-ն, անշուշտ, կցանկանար տեսնել ԻՊ ոչնչացման հաջող իրագործումը»,-ասել է նա` կրկին կրկնելով, որ «ժամանակն է, որ Ասադը հեռանա»:

Մինչդեռ Կրեմլն անընդունելի է համարում Սիրիայի երկրի զարգացման ուղիների պարտադրումը այդ երկրի բնակիչներին: Ռուսաստանի այս դիրքորոշումը սեպտեմբերի 12-ին կրկնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Անթույլատրելի ենք համարում դրսից որոշումների պարտադրումը Սիրիային»,-ասել է նա: Պեսկովը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Պուտինը բազմիցս է հայտարարել. «Սիրիայի ապագան պետք է որոշեն սիրիացիները»:

«Մինչ օրս ոչ ոք չի կարողանում բացատրել, թե ինչը կարող է այլընտրանք լինել գործող օրինական սիրիական ղեկավարությանը երկրի անվտանգության ապահովման գործում, երկրի միասնության ու ԻՊ դեմ պայքարում»,-ասել է Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

2011-ի մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է մոտ 125.000 մարդ, մոտ 4,2 մլն-ը՝ փախստական դարձել, 2 մլն մարդ փախել է հարևան երկրներ: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։

Մինչդեռ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն անհրաժեշտ է համարում Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դիրքերի ուղղությամբ հարվածներ հասցնելու գործում Ֆրանսիայի մասնակցությունը, գրում է interfax.ru-ն։«Մենք Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի մաս ենք: Մենք հայտարարել ենք Սիրիայում դիտորդական թռիչքների մասին, որոնք թույլ են տալիս գնահատել՝ արդյո՞ք այդ հարվածների անհրաժեշտությունը կա, և այդ անհրաժեշտությունը Սիրիայում կա»,- հայտարարել է Օլանդը լրագրողներին, հայտնում է Tert.am-ը:

Անցած շաբաթ Ֆրանսիան սկսել է դիտորդական թռիչքներ իրականացնել Սիրիայի տարածքում:

ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---