Հոկտեմբերի 30-31-ը Հայաստանի նախագահն աշխատանքային այցով կլինի Ռուսաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 30-31 աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան: Ինչպես հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամլո ծառայությունը, Հայաստանի նախագահի հերթական այցը Մոսկվա կոչված է համալիր գործընկերության առավել բարձր մակարդակի վրա բարձրացնելու հայ-ռուսական հարաբերությունները: Հիշեցնենք, որ 2005 թվականն անցավ Հայաստանում Ռուսաստանի տարվա նշանաբանով, իսկ 2006-ը նշվում է որպես Հայաստանի տարի Ռուսաստանում: Դեսպանատանը նշեցին, որ լայնամասշտաբ միջոցառումների եւ ակցիաների հաջող իրականացումն ազգային տարիների շրջանակներում նպաստել է հասարակական եւ գործարար նախաձեռնությունների ակտիվացմանը, համագործակցության շրջանակների ընդլայնմանը առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, տեղեկատվական եւ մշակութային ոլորտներում: Հայաստանի նախագահի այցի ընթացքում նախատեսվում է երկկողմ հարաբերությունների առավել արդիական հարցերի քննարկում, կքննարկվի նաեւ բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը հայ-ռուսական համագործակցության հետագա սերտացման նպատակով, մասնավորապես, վառելիքա-էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության սուբյեկտների միջեւ ուղղակի տնտեսական կապերի գծով: Նախատեսվում է կարծիքների փոխանակում ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության խորացման, նոր մարտահրավերների եւ սպառնալիքների առջեւ այդ կազմակերպության ամրապնդման հարցերի շուրջ: Օրակարգում կարեւոր տեղ կզբաղեցնեն ԱՊՀ խնդիրները: Ուշադրության կենտրոնում կլինեն երկու երկրների ջանքերի համակարգման հարցերն, ուղղված Կովկասում ստեղծված իրավիճակի առողջացմանը, վստահության մթնոլորտի ձեւավորումը տարածաշրջանում համագործակցություն հաստատելու եւ այդ հիմքի վրա հակամարտությունների կարգավորման համար:



Առանձնակի ուշադրություն կդարձվի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը: «Ողջունելով հայ-ադրբեջանական երկխոսությունը տարբեր մակարդակներում, առաջին հերթին, երկու երկրների նախագահների միջեւ` Ռուսաստանը ելնում է նրանից, որ հակամարտության մասնակիցներն իրենք պետք է գտնեն հակամարտության փոխըմբռնելի լուծումը: Ռուսաստանը պատրաստ է այդ գործում ամենաակտիվ աջակցությունը ցուցաբերել, ինչպես երկկողմ առումով, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ինչպես նաեւ դառնալ ձեռք բերված պայմանավորվածության երաշխավորը»,-նշվում է Ռուսաստանի դեսպանատան մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---