ՌԴ-ում պատժամիջոցների տակ գտնվող մթերքը ոչնչացնել նաև ԵՏՄ-ում. Ռուս գյուղնախարարի առաջարկը

ՌԴ-ում պատժամիջոցների տակ գտնվող մթերքը ոչնչացնել նաև ԵՏՄ-ում. Ռուս գյուղնախարարի առաջարկը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը առաջարկել է պատժամիջոցների ենթակա և «անորակ» սննդամթերքը վերացնել ոչ միայն ՌԴ սահմաններին, այլև Եվրասիական տնտեսական միության երկրներում:

BBC-ի փոխանցմամբ՝ նա ասել է, որ սննդամթերքի ոչնչացման հարցով լրացուցիչ լիազորությունների մասին համաձայնագիրը նախատեսվում է ԵՏՄ-ի անդամներ Ղազախստանի, Հայաստանի և Ղրղըզստանի հետ ստորագրել Մոսկվայում հոկտեմբերին կայանալիք «Ոսկե աշուն» գյուղատնտեսական արդյունաբերության տոնավաճառի շրջանակում:

«Այդ ժամանակ մենք ճանապարհ կբացենք բարեխիղճ ներդրողների, արտադրողների համար, դրանից բոլորը միայն կշահեն», - հայտարարել է Տկաչովը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ավելի վաղ գյուղնախարարը առաջարկել էր Ռուսաստանի պատժամիջոցների տակ ընկնող մթերքը ոչնչացնել սահմանին, ինչին համաձայնել էր նախագահ Վլադիմիր Պուտինը:

Օգոստոսին Ռուսաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ երկրում արգելված ապրանքները ենթակա են ոչնչացման: Ընդ որում՝ ինչպես սահմանի վրա, այնպես էլ՝ խանութներում և պահեստներում: Մոսկվան բեռնարգելք է սահմանել ԱՄՆ-ից, Եվրամիությունից, Նորվեգիայից և այլ երկրներից սննդամթերքի ներկրման համար՝ ի պատասխան Ուկրաինայի հարցով Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների: Պուտինի այս հրամանագիրը Ռուսաստանում միանշանակ չի ընդունվել: Շատերը տարակուսած են՝ ինչպես կարելի է մթերք ոչնչացնել մի երկրում, որտեղ պաշտոնապես կան աղքատներ, զգալի թիվ են կազմում թերսնված երեխաներն ու ծերերը: Ոչնչացման ենթակա մթերքը կարելի էր պարզապես բաժանել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը, ասում են մարդիկ:

«Ռոսսելխոզնադզորի» տվյալներով՝ միայն օգոստոսի 6-ից 16-ը առգրավվել և ոչնչացվել է 871 տոննա մթերք: Բելգորոդ շրջանում օգոստոսի սկզբին ոչնչացվել է պատժամիջոցների ենթարկված պանրի առաջին խմբաքանակը։ Կարծր կենցաղային թափոնների աղբավայրում բուլդոզերով ոչնչացվել է տասը տոննայից ոչ պակաս պանիր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---