ՀՀԿ խմբակցության ղեկավար. Սահմանադրական հանրաքվեն կարող է անցկացվել դեկտեմբերի սկզբին

ՀՀԿ խմբակցության ղեկավար. Սահմանադրական հանրաքվեն կարող է անցկացվել դեկտեմբերի սկզբին

PanARMENIAN.Net - Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ամենայն հավանականությամբ կանցկացվի դեկտեմբերի սկզբին: Այս մասին հայտնել է «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Պետք է ժամկետների մեջ տեղավորվենք: Կա սահմանված կարգ, որով բարեփոխումների հայեցակարգը դրվում է հանրաքվեի ԱԺ քննարկումներից հետո: Հավանաբար դա կլինի դեկտեմբերի առաջին տասնօրյակում», - ասել է Բաղդասարյանը, մեջբերում է Tert.am-ը:

Նա նշել է, որ հասարակությունը դրական է տրամադրված Սահմանադրական բարեփոխումների նախագծի նկատմամբ:

«Դինամիկան գնում է դեպի դրականի, իսկ քննարկումները բավականին արդյունավետ են և օգնում են հասարակությանը, քանի որ չիմացության պատճառով էր հակասական վերաբերմունքը: Մարդիկ կամաց գիտակցում և ընկալում են, որ պետք են բարեփոխումներ», - նկատել է խմբակցության ղեկավարը:

ԱԺ սեպտեմբերի 17-ի նիստին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումները շարունակվել են:

«Ժառանգություն» խմբակացության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նկատել է, որ վերջին 25 տարվա ընթացքում իշխող ուժը միշտ ստացել է 50%-ից ավելի ձայներ, սակայն գնացել է կոալիցիաներ ձևավորելու ուղիով: Այս դեպքում, ըստ Հակոբյանի, անտրամաբանական է դառնում 89-րդ հոդվածի առկայությունն նախագծում:

Նախագծով նախատեսված 89-րդ հոդվածը հետևյալն է.

- Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից:

- ԱԺ-ում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

-ԱԺ-ն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը, եթե ընտրության արդյունքում կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության 2-րդ փուլ:

- Քաղաքական կոալիցիայի ձևավորման սահմանափակումները, պայմանները և կարգը սահմանվում են Ընտրական օրենսգրքով:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանն ի պատասխան պատգամավորին ասել է, որ համաձայն չէ այն թեզի հետ, որ եթե մի քաղաքական կուսակցություն միշտ 50%-ից ավելի ձայներ է ստացել, դա միշտ կրկնվելու է:

«Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ համամասնական ընտրակարգի անցնելիս այդ արդյունքները պահպանվելու են: 89-րդ հոդվածում առաջարկված ձևակերպումները հենց ելնում են նրանից, որ 100%-ոց համամասնական ընտրակարգի անցնելիս ակտուալ է դառնում քաղաքական մեծամասնության ձևավորման խնդիրը», - պարզաբանել է նա:

«Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկմանը հարակից զեկուցող, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանին հարցրել է, թե ինչու են այդքան շտապողականություն դրսևորում փաստաթղթի ընդունման համար:

Ի պատասխան, Սահակյանը նշել է, որ շտապողականության հարց չկա՝ ընդգծելով քննարկումների ամբողջ ծավալ, թե քանի կուսակցություն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ է մասնակցել քննարկումներին:

Սահամանդրության նախագիծը ԱԺ-ն կշարունակի քննարկել նաև արտահերթ նիստում: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ սեպտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ունենալով ՀՀ Նախագահի նախաձեռնած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը (քննարկման շարունակություն):

Ազգային ժողովը սեպտեմբերի 15-ին քվեարկությամբ հաստատել է և օրակարգ ներառել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել ՀՀ նախագահին: Նախագահը օգոստոսի 21-ին նախագիծը ՀՀ Ազգային ժողով է ուղարկել:

Հրապարակված Սահամանդրության նախագծի 5-րդ գլուխը վերաբերում է Հանրապետության նախագահին: Ըստ դրա, Սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով (գործող Սահմանադրությամբ 5 տարով է): Նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ (ներկայիս երկու անգամվա փոխարեն):Նախագահին ընտրում է ընտրիչների ժողովը, որի կազմում Ազգային ժողովի պատգամավորներ են և նրանց թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից: Սահմանադրության 4-րդ գլուխը վերաբերում է Ազգային ժողովին: Ըստ փոփոխված տարբերակի՝ ԱԺ կազմված է լինելու առնվազն 101 պատգամավորից (գործող Սահմանադրությամբ 131 է): Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվելու ազգային փոքրամասնություններին: Խորհրդարանն ընտրվում է համամասնական ընտրակարգով 5 տարի ժամկետով: (գործող Սահմանադրությամբ ընտրակարգերը երկուսն էին՝ համամասնական ու մեծամասնական): Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթներ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---