Զորավարժություն՝ ՀՀ ԶՈՒ Խաղաղապահ բրիգադի «ԶԱՌ» ուսկենտրոնում. Վերահսկում են Օհանյանն ու Խաչատուրովը

Զորավարժություն՝ ՀՀ ԶՈՒ Խաղաղապահ բրիգադի «ԶԱՌ» ուսկենտրոնում. Վերահսկում են Օհանյանն ու Խաչատուրովը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-18-ը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) շրջանակում Հայաստանում անցկացվում է Զինված ուժերի Խաղաղապահ բրիգադի մեկ հրաձգային գումարտակի ՕԿՀ 2-րդ մակարդակի գնահատում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ը:

ՕԿՀ գնահատման երկրորդ փուլում ստուգվում է ստորաբաժանման մարտական պատրաստականությունը, ինչպես նաև տեխնիկայով, սպառազինության և թիկունքային այլ միջոցներով համալրվածությունը` համաձայն ՆԱՏՕ-ի կողմից սահմանված ուղեցույց փաստաթղթերի պահանջների:

Բուն գնահատման գործընթացն ապահովելու նպատակով Խաղաղապահ բրիգադի «ԶԱՌ» ուսումնական կենտրոնում օգոստոսի 9-ից սեպտեմբերի 15-ը իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ, իսկ սեպտեմբերի 15-19-ը ընթանում է հրամանատարաշտաբային զորավարժություն: Բացի հայտագրված ստորաբաժանման գնահատման բուն գործընթացից, զորավարժությունը կարևորվում է նրանով, որ նպաստում է մասնակիցների կողմից շտաբային ընթացակարգերի և գործողությունների ղեկավարման ու կառավարման հարցերում մասնագիտական գիտելիքների ձեռքբերմանը և համապատասխան ունակությունների կատարելագործմանը:

Զորավարժությունը վերահսկելու և կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 17-ին «ԶԱՌ» ուսումնական կենտրոն են այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:

Համաձայն նախնական գնահատականի, զորավարժությունն ընթանում է ըստ պլանի` դրական արդյունքներով: Վերջնական գնահատականը կտրվի ՆԱՏՕ-ի խմբի ղեկավարի կողմից սեպտեմբերի 20-ին:

Ապրիլի 9-ին հայաստանյան «ԶԱՌ» զորավարժարանում անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի ենթակա ստորաբաժանումների մարտական պատրաստականության բարձրացմանը միտված զորավարժություն: Այն անցկացվել է ԱՄՆ ԶՈւ «Մայլս» ուսումնական բաճկոնների կիրառմամբ։ Լազերային սարքավորումներով համալրված այդ բաճկոններն այն կրող զինծառայողի՝ ուսումնական զենքից «խոցվելու» դեպքում ազդարարում են համապատասխան բարձր ազդանշան՝ միաժամանակ այդ պահից սկսած պայմանական խոցված զինծառայողին զրկելով սեփական զենքով կրակելու հնարավորությունից։ Վարժանքից հետո լազերային հատուկ սարքավորումների տվյալները ներմուծվել են համակարգիչ, ինչի հիման վրա էլ գնահատվել են զորավարժության ընթացքը և երկու խմբերի գործողությունները։ Զորավարժությունը ստացել է բարձր գնահատական։

Ապրիլի 4-ին ԱՄՆ ՌՕՈւ ինքնաթիռով Գերմանիա է մեկնել Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի՝ 36 հոգուց բաղկացած ստորաբաժանումը, որն այնտեղ մասակցել է ՆԱՏՕ անդամ և գործընկեր պետությունների բազազգ զորավարժությանը։ Բազմազգ զորավարժության նպատակն էր բարձրացել Կոսովոյի խաղաղապահ առաքելության գործընթացում ներգրավված երկրների խաղաղապահ ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը։

Հայաստանը ՆԱՏՕ անդամ և գործընկեր պետությունների հետ Կոսովոյում խաղաղապահ առաքելություններում ընդգրկված է դեռևս 2004-ից: Դա ՀՀ ԶՈւ խաղաղապահների առաջին միջազգային առաքելությունն է եղել, որին հաջորդել են Իրաքի, Աֆղանստանի և Լիբանանի առաքելությունները։ Խաղաղապահների տեղակայման նպատակը միջազգային խաղաղության ամրապնդումն ու միջազգային փորձի փոխանակումն է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---