Մինասյան. Սահմանադրության նախագիծը դատական համակարգն առավել անկախ է դարձնում

Մինասյան. Սահմանադրության նախագիծը դատական համակարգն առավել անկախ է դարձնում

PanARMENIAN.Net - «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն Ազգային Ժողովի սեպտեմբերի 18-ի նիստին պարզաբանել է, թե ինչու է կողմ Սահմանադրական բարեփոխումներին:

«Հաճախ բարեփոխումներին դեմ արտահայտվողները փորձում են վկայակոչել կոռուպցիան, աղքատությունը, բայց եթե այս մարդիկ փորձեն վերլուծել իրավիճակի դրդապատճառները, կտեսնեն, որ ակունքները հենց այն համակարգում է, որտեղ առնվազն չի պաշտպանվում ՀՀ քաղաքացին, մարդը, պետական քաղաքականությունը, որ ձևավորվում է՝ հնարավորություն չի տալիս ժողովրդի կամքը լիարժեք իրացնել», - ասել է նա՝ նշելով, թե արատավոր այս երևույթները ինչ-որ առումով կապված են Սահմանադրության թերի, կամ ոչ լիովին կարգավորումների հետ:

Պատգամավորը օրինակ է բերել դատական համակարգը, որ լիարժեք անկախ չէ, իսկ այս փոփոխությունները, ըստ նրա, ռաջարկում են նման հնարավորություն:

«Հստակ ասում եմ, որ առաջարկվող փոփոխությունը մի քանի անգամ բարձրացնում է դատական համակարգի անկախությունը, քան գործողն է», - ընդգծել է Մինասյանը, գրում է Tert.am-ը:

Նրա խոսքով՝ իշխանության ժառանգաբար անցնելու խնդիրը նույնպես լուծվում է Սահմանադրության նոր նախագծով:

«Ես ձեզ ասում եմ, որ եթե անգամ թույլ չտա ձևավորել լավ իշխանություն, այն հնարավորություն կտա, որպեսզի վատ իշխանությունից հրաժարվենք: Սա գոնե այս փոփոխությունը երաշխավորում է», - ասել է Մինասյանը:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը քննարկումներին ասել է, որ Սահմանադրական փոփոխությունները երկրի որակական զարգացման համար նոր դուռ են բացելու:

«Վստահ ենք` սահմանադրական փոփոխությունները, կառավարման խորհրդարանական համակարգը երկրի արմատական, որակական զարգացումների համար նոր դուռ են բացելու»,- ասել է նա՝ ներկայացնելով սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ ՀՅԴ դիրքորոշումը:

Վարդանյանը շեշտել է, որ 1991-ից ի վեր, երբ սահմանադրական փոփոխությունների հարցը մտել է քաղաքական օրակարգ, Դաշնակցությունը խորհրդարանական կառավարման համակարգի համոզված կողմնակից է եղել:

Նիստին ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ ՀՀ քաղաքացիների, այդ թվում` իր, հիմնական խնդիրը հավատի բացակայությունն է Սահմանադրական փոփոխությունների հանդեպ ոչ թե այն պատճառով, որ դրանք վատն են, այդ որ այդ փոփոխություններն իրականացնում են այս իշխանությունները, գրում է Panorama.am-ը:

«Չկա հավատ, որ այս փոփոխություններով լուծվելու են ժողովրդին տանջող բազում խնդիրներ, որովհետև այն անարդյունավետ կառավարումը, որն այսօր իրականացվում է, իրականացնում են նրանք, ովքեր նախաձեռնել են այս փոփոխությունները: Ես նույնպես չեմ հավատում նրանց, ովքեր այս փոփոխությունների հեղինակն են, այլ ոչ թե փոփոխությունների բովանդակությանը և դրա համար ես դեմ եմ քվեարկելու», - ասել է նա:

Այդուհանդերձ, Ուրիխանյանը անհրաժեշտ է համարում երկրում ընտրական ու կառավարման համակարգերի փոփոխությունը ու նախագծով առաջարկվող «մի շարք փոփոխություններ»:

Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նիստին ասել է, որ Հայաստանում պետական շինարարության ավանդույթներ ձևավորված չեն, այլ «մեր վզին փաթաթված է պետական կառավարման ուժային մոդելը»: Այս մոդելը, Արզումանյանի խոսքով, ժառանգված է խորհրդային ժամանակներից ու դրա հիմնական հատկանիշը բռնությունն է:

Դրա հետ կապված, նա՝ խորհրդակցելով իրենց կուսակցության անդամների հետ դրական է վերաբերում խորհրդարանական համակարգին անցնելուն:

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ պատրաստ է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի հետ քննարկել անընդունելի դրույթները:

«Բազմաթիվ հարցեր կան, որոնց հետ կապված ես չեմ կարողանում հասկանալ ձեր անդրդվելի լինելը»,- ասել է նա՝ դիմելով սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամներին:

Սահամանդրության նախագիծը ԱԺ-ն կշարունակի քննարկել նաև արտահերթ նիստում: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ սեպտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ունենալով ՀՀ Նախագահի նախաձեռնած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը (քննարկման շարունակություն):

Ազգային ժողովը սեպտեմբերի 15-ին քվեարկությամբ հաստատել է և օրակարգ ներառել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել ՀՀ նախագահին: Նախագահը օգոստոսի 21-ին նախագիծը ՀՀ Ազգային ժողով է ուղարկել:

Հրապարակված Սահամանդրության նախագծի 5-րդ գլուխը վերաբերում է Հանրապետության նախագահին: Ըստ դրա, Սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով (գործող Սահմանադրությամբ 5 տարով է): Նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ (ներկայիս երկու անգամվա փոխարեն):Նախագահին ընտրում է ընտրիչների ժողովը, որի կազմում Ազգային ժողովի պատգամավորներ են և նրանց թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից: Սահմանադրության 4-րդ գլուխը վերաբերում է Ազգային ժողովին: Ըստ փոփոխված տարբերակի՝ ԱԺ կազմված է լինելու առնվազն 101 պատգամավորից (գործող Սահմանադրությամբ 131 է): Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվելու ազգային փոքրամասնություններին: Խորհրդարանն ընտրվում է համամասնական ընտրակարգով 5 տարի ժամկետով: (գործող Սահմանադրությամբ ընտրակարգերը երկուսն էին՝ համամասնական ու մեծամասնական): Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---