Աշոտյան. Դեռ չենք կարող հրաժարվել հատուկ դպրոցներից

Աշոտյան. Դեռ չենք կարող հրաժարվել հատուկ դպրոցներից

PanARMENIAN.Net - Այսօր ամբողջությամբ չենք կարող հրաժարվել հատուկ դպրոցներից, քանի որ կան որոշակի առողջական խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս բոլոր երեխաներին դառնալ ներառական կրթության շահառու: Այս մասին հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ ներառական կրթություն իրականացնող Ջ. Կիրակոսյանի անվան Երևանի թիվ 12 հատուկ և Երևանի թիվ 20 դպրոցներ սեպտեմբերի 18-ին կատարած այցելության ժամանակ:

«Ակնհայտ է, որ ներառական համակարգի ներդրման պարագայում, ըստ նախնական հաշվարկների, այդպիսի երեխաների 90%-ի համար կարող ենք ստեղծել հավասար հանրային մատչելի պայմաններ նաև կրթության համար: Եվ այստեղ խնդիրը միայն կրթության որակի մեջ չէ. դպրոցից է սկսվում բարի հասարակություն կառուցելու այն գաղափարախոսությունը, որը դրված է ներառականության հիմքում»,-ասել է Աշոտյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Ըստ Աշոտյանի՝ ներառական համակարգում ներառված մանկավարժական և ծնողական համատեղ աշխատանքի տեսանելի արդյունք տված երեխաները լավագույն պատասխանն են բոլոր այն մարդկանց քննադատական կարծիքներին, ովքեր թերահավատ են մոտենում այս բարեփոխմանը:

Օգոստոսի 26-ին կրթության և գիտության նախարարության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը հայտնել է, որ Մինչև 2025-ը Հայաստանում բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական: «Ներառականության գաղափարախոսությունն այն մասին է, որ յուրաքանչյուր երեխա, անկախ նրանից զարգացման խնդիրներ ունի թե ոչ, պետք է իրեն հարմարավետ և կարևորված զգա ուսումնական միջավայրում, և դպրոցը պետք է կարողանա յուրաքանչյուր երեխայի կարիքների մասին հոգ տանել», - շեշտել է նա:

Համաձայն օրենքի բնորոշման՝ ներառումը յուրաքանչյուր երեխայի, այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի ներգրավվածությունն է ուսումնական պրոցեսին:

ՀՀ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքը ընդունվել է 2005-ին: Ներառական համակարգի ներդրմամբ, Հայաստանը կատարում է նաև իր միջազգային պարտավորությունը. 2010-ին ՀՀ-ն վավերացրել է հաշմանդամների իրավունքներին վերաբերող միջազգային փաստաթուղթ, որով նաևպարտավորություն է ստանձնել համապատասխան խտրականությունները վերացնելու եւ միասնական ծառայություններ մատուցելու տեսակետից, այդ թվում`կրթության ոլորտում:

2013-ի տվյալներով՝ Հայաստանում գործում է մոտ 107 ներառական դպրոց:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---