ԵՄ-ն վախենում է ծայրահեղականության ալիքից ու «վճարում» փախստականների համար. €1 մլրդ Թուրքիային, €100 մլն՝ ԵՄ երկրներին

ԵՄ-ն վախենում է ծայրահեղականության ալիքից ու «վճարում» փախստականների համար. €1 մլրդ Թուրքիային, €100 մլն՝ ԵՄ երկրներին

PanARMENIAN.Net - Փախստականների խնդիրները լուծելու համար Եվրամիության գագաթնաժողովում €1 մլրդ է հատկացվել Թուրքիային ու €700 մլն՝ Մակեդոնիային: Այդ մասին հանդիպման արդյունքում տեղեկացրել է Եվրոական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:

«Հաստատել ենք որոշումը, ըստ որի Թուրքիային €1 մլրդ կհատկացվի, իսկ Մակեդոնիային՝ €700: Նաև համաձայնության ենք եկել ԵՄ անդամ երկրներին €100 մլն-ի չափով արտակարգ օգնություն տրամադրելու հարցում, ինչպես նաև €600 մլն-ի՝ եվրոպական գործակալություններին (Եվրապոլի ու «Ֆրոնտեքս»-ի սահմանների անվտանգության ու պահպանման համար) 2016-ի համար, €200 մլն-ի՝ Համաշխարհային պարենային ծրագրին ու €300 մլն-ի՝ փախստականներին առաջին հումանիտար օգնություն տրամադրելու համար»,- տեղեկացրել է նա:

Մինչ այդ, ԵՄ գագաթնաժողովի արդյունքում Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը տեղեկացրել է, որ միգրացիոն ճգնաժամի շուրջ դրությունը «լավատեսություն չի ներշնչում»:

«Հանդիպումը (երկրների ղեկավարների – խմբ.) ավելի արդյունավետ էր, քան սպասում էինք: Բայց միգրացիոն ճգնաժամի շուրջ դրությունն այսօր լավատեսություն չի ներշնչում: Կարևոր քննարկում ենք սկսել, որը կշարունակենք հոկտեմբերին կայանալիք հաջորդ պլանային գագաթնաժողովի ընթացքում»,- ասել է նա:

Դոնալդ Տուսկը նաև վստահեցրել է, որ Եվրամիության արտաքին սահմաններին փախստականների ընդունման ու գրանցման կենտրոնները կգործարկվեն մինչև նոյեմբերի վերջ:

«Փախստականների գրանցման կենտրոնները կգործարկվեն մինչև նոյեմբերի վերջ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ այդ կառույցների աշխատանքը կօգնի լավացնել դրությունը:

Եվրամիությունը սպասում է, որ միլիոնավոր միգրանտներ կփորձեն Եվրոպա մուտք գործել:

«Մեր քննարկումն այսօր հիմնված էր փաստերի վրա, այլ ոչ թե զգացմունքների: Սիրիայում այժմ մոտ 8 մլն ներքին տեղահանված մարդ կա, ևս 4 մլն-ը հարևան երկրներում են: Պետք է միլիոնավոր փախստականների սպասենք միայն Սիրիայից»,- ասել է նա՝ նշելով, որ կան նաև միգրանտներ Իրաքից, Աֆղանստանից ու այլ շրջաններից, որոնք ևս ձգտում են Եվրոպա հասնել, փոխանցում է TASS-ը:

Մինչ այդ, Եվրահանձնաժողովի առաձին փոխնախագահ Ֆրանց Թիմերմանսը հայտարարել է, որ եթե քայլեր չձեռնարկեն փախստականների ճգնաժամը լուծելու ուղղությամբ, Եվրոպային աջակողմյան ծայրահեղականացման ալիք է սպասվում:

«Եթե ի վիճակի չենք լուծել այս խնդիրը, եթե չենք կարող դրան հստակ լուծումներ տալ, եվրոպական մայրցամաքում ծայրահեղ աջակողմյանների ալիք կտեսնեք»,- հայտարարել է Թիմերմանսը BBC ռադիոկայանի եթերում:

Նա նաև նշել է, որ ներգաղթյալների հոսքի խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ուժեղացնել Եվրամիության սահմանները:

Միաժամանակ ԵՄ խորհրդում աղբյուրը տեղեկացրել է, որ փախստականների ընդունման ու գրանցման կենտրոնները բացառելու են տնտեսական միգրանտներից հայտերի ընդունումը, որոնք փորձում են որպես փախստական մուտք գործել ԵՄ:

Ըստ աղբյուրի, պլանավորվում է, որ միգրանտների գրանցումն ու բացառումը կկատարվի մի քանի օրվա ընթացքում: Նրանց, ում տնտեսական միգրանտ կճանաչեն, հետ կուղարկեն հայրենիք, ինչի համար մի շարք երրորդ երկրների հետ համապատասխան համաձայնագրերի ստորագրում է սպասում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

2015-ից ի վեր Եվրամիության տարածք է ժամանել մոտ 500.000 միգրանտ, ու օրեցօր նրանց շարքերը համալրվում են հազարավոր նոր ժամանածներով: Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ ներկայիս միգրացիոն ներհոսքն աշխարհում ամենախոշորն է Երկրորդ համաշխարհայինից հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---