Կառավարությունը կաջակցի խաղողի մթերմանը. Գործընթացը վերահսկվում է

Կառավարությունը կաջակցի խաղողի մթերմանը. Գործընթացը վերահսկվում է

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել հանրապետությունում խաղողի մթերման հարցում: Այս մասին Կառավարության սեպտեմբերի 25-ի նիստին հայտնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Խնդրում եմ իրականացնել ամենօրյա հետևողական աշխատանք և եթե հարց լինի՝ մենք պատրաստ ենք աջակցել», - ասել է Կառավարության ղեկավարը:

Խաղողի մթերման գործընթացը վերահսկվում է վարչապետի վերահսկողական ծառայության կողմից:

Նիստին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, որ խաղողի մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են. աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 7-ից:

«Հանրապետությունում այսօր ունենք 49 մթերող կազմակերպություն, որոնցից 32-ում արդեն մթերման աշխատանքները սկսված են: Հիմնականում աշխատանքները չեն սկսվել Վայոց ձորի մարզում, որտեղ շաքարայնությունը դեռևս ցածր է. մթերման աշխատանքները կսկսվեն հոկտեմբերի 1-ից հետո: Երեկ ես եղել եմ Տավուշի մարզում, որտեղ նույնպես մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են. 5 մթերող կազմակերպությունից 3-ը սկսել են մթերման աշխատանքները, 2-ն առաջիկա 2-3 օրերի ընթացքում կսկսեն», - ասել է նախարարը:

Կարապետյանի խոսքով՝ խաղողի մթերման հարցում կան որոշակի դժվարություններ: Հասկանալի պատճառներով, գինեգործարանները հիմնականում չեն կարողացել ֆինանսական հոսքեր ապահովել, որոնք նախատեսված էր տարեսկզբին՝ կապված արտահանումների ծավալների կրճատման հետ:

Նախարարը նշել է, որ որոշ կազմակերպություններում տարաները լիքն են, սակայն բոլորի կողմից կա այն մոտեցումը, որ խաղողը պետք է մթերվի ամբողջապես, և դաշտում խաղող չի մնալու:

Կարապետյանի տվյալներով՝ այսօրվա դրությամբ մթերվել է 80 հազար տոննա խաղող, 2014-ից մոտավորապես 20 հազար տոննա պակաս: Մթերողների թիվն ավելանում է, սական նախարարը համոզված է՝ թեկուզ եղած դժվարություններով հանդերձ մթերումները նորմալ են անցկացնելու:

«Խաղողի ծավալը 2015-ին 2014-ի համեմատ բավականին ավելի է, նույնիսկ կարելի է ասել 30%-ով: Մենք 15-20%-ի կանխատեսումներ ունեինք, սակայն փաստորեն արտադրական ծավալներն ավելի են: Անցյալ տարի հանրապետությունում արտադրվել է 281 հազար տոննա խաղող, այս տարի սպասվում է 300 հազար տոննայի կարգի խաղող: 2014-ին մթերվել է 181 հազար տոննա, 2015-ին կանխատեսվում է ավելի շատ մթերել», - ասել է նախարարը՝ ընդգծելով, որ առաջարկն ավելի է քան պահանջարկը:

Սեպտեմբերի 18-ին Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ փակել էին Արմավիր-Երևան ավտոճանապարհը՝ պահանջելով, որպեսզի գյուղնախարար Սերգո Կարապետյանը պարզաբանի, թե ինչու գործարանները չեն սկսել խաղողի մթերումը։Գյուղացիներին հանդիպել էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ու խոստացել, որ խաղողը չի փչանա, գործարանները երկու օրից կսկսեն մթերումը։Գյուղացիները բացեցին ճանապարհը՝ համաձայնելով երկու օր սպասել:

Նմանատիպ խնդիր կար նաև Արարատի մարզում. նույն օրը մի շարք համայնքների բնակիչներ փակել էին Արարատ-Երևան ճանապարհը: Այն բացվել է միայն նախարարի այցից հետո: Կարապետյանը գյուղացիներին փոխանցել է, որ հորդորել է գործարանների տնօրինությանը` մթերել գյուղացու արտադրած ամբողջ խաղողը:

Սեպտեմբերի 16-ին Կոնյակագործների միության ընդլայնված նիստի ժամանակ գյուղնախարարն անդրադարձել էր խաղողի մթերումների խնդրին: Նա նշել էր, որ արդեն մեկ շաբաթ է երկրի 3-4 մարզում ընթացքի մեջ են մթերման աշխատանքները, և բոլոր ընկերություններն էլ պատրաստակամ են մթերել արտադրված բերքը, սակայն, ըստ Կարապետյանի, ներկայումս առկա են որոշակի ֆինանսական խնդիրներ: Նա հավելել էր, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում բոլոր մթերող կազմակերպությունները պետք է սկսեն մթերման աշխատանքները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---