Պուտինն ու Օբաման չեն քննարկել ԻՊ դեմ կոալիցիայի ստեղծման հարցը

Պուտինն ու Օբաման չեն քննարկել ԻՊ դեմ կոալիցիայի ստեղծման հարցը

PanARMENIAN.Net - Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի 2013-ից ի վեր սեպտեմբերի 28-ին կայացած առաջին լիարժեք հանդիպումը տևել է մոտ 2 ժամ, թեև նախատեսված էր 1 ժամ: Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների վերջին 2 տարում առաջին անձնական հանդիպումից հետո լրագրողների մոտ դուրս է եկել միայն Վլադիմիր Պուտինը: Նա կառուցողական է անվանել հանդիպումն ու անկեղծ, սեղմ պատմել, թե ինչի մասին է խոսք գնացել փակ դռների հետևում:

«Ռուսաստանի և ԱՄՆ միջև հարաբերությունները, ցավոք, բավականին ցածր մակարդակի վրա են, սակայն դա մեր նախաձեռնությունը չէ»,- ասել է Պուտինը:

Նա նշել է, որ դա վատ է երկկողմ և միջազգային հարաբերությունների համար: Ռուսաստանը, ըստ Պուտինի, պատրաստ է զարգացնել հարաբերությունները, սակայն «այս վիճակը ԱՄՆ դիրքորոշման հետևանքն է»:

Լրագրողների հիմնական հարցերը վերաբերում էին ՌԴ ռազմավարությանը Սիրիայի հարցում: ՌԴ-ն դիտարկում է մասնակցության տարբերակներ, սակայն ռազմական գործողությունը հնարավոր է միայն ՄԱԿ ԱԽ որոշմամբ կամ Սիրիայի իշխանությունների հարցումով: Պուտինը նշել է, որ դրանով հանդերձ ցամաքային գործողությունը բացառվում է:

Սիրիայի ԱԳՆ ղեկավարը սեպտեմբերի 17-ին հայտարարեց, որ Սիրիայի ղեկավարությունը կարող է խնդրել Մոսկվային, որպեսզի ՌԴ զինված ուժերը մասնակցեն ահաբեկչության դեմ համատեղ պայքարին, եթե նման անհրաժեշտություն լինի: Ի պատասխան ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել «Իսլամական պետության» դեմ գործողության մասին Դամասկոսի խնդրանքը, եթե վերջինս դիմի այդ հարցով: Սիրիայի ղեկավարության խնդրանքը, եթե այդպիսին լինի, որ Ռուսաստանի զինվորները սիրիացի զինվորականների հետ միասին մասնակցեն ռազմական գործողություններին, կդիտարկվի և կքննարկվի երկկողմ շփումների շրջանակում:

Հանդիպման արդյունքում Պուտինը և Օբաման համաձայնության են եկել, որ Սիրիայում հարցում հարկավոր է «ուժեղացնել աշխատանքը թեկուզ երկկողմ հիմքի վրա` ստեղծելով համակարգման անհրաժեշտ մեխանիզմներ»: Պուտինն ասել է, որ Սիրիայի ճակատագիրը պետք է որոշի այդ երկրի ժողովուրդը, իսկ Ասադը պատրաստ է քաղաքական բանակցությունների:

«Ռուսաստանը պնդելու է, որ քաղաքական բարեփոխումներ իրականացվեն»,- նշել է ՌԴ ղեկավարը:

Թեև Օբաման չի մեկնաբանել հանդիպման արդյունքները, Սպիտակ տան աղբյուրը Reuters գործակալությանն ասել է, որ զրույցի կեսը նվիրված էր Ուկրաինային, կեսը` Սիրիային: Նա հավելել է, որ նախագահները համաձայնության չեն եկել Բաշար Ասադի հարցում: Ըստ աղբյուրի, Օբաման ասել է Պուտինին, որ կարգավորման հեռանկար չի տեսնում, քանի դեռ Ասադը շարունակում է պաշտոնավարել:

Երկու գերտերության նախագահների հանդիպման հետ մեծ հույսեր էր կապում ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Նա կոչ արեց Պուտինին Օբամայի հետ միասին գործել, ինչպես դա եղավ Իրանի միջուկային ծրագրի հարցում, հայտնում է ՌԲԿ-ն:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Russia Today-ին տված հարցազրույցում ասել է, որ Պուտինն ու Օբաման չեն քննարկել ԻՊ դեմ կոալիցիայի ստեղծման հարցը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Նրանք չեն քննարկել կոալիցիան Նրանք քննարկել են ԱՄՆ և ՌԴ համագործակցության հնարավորությունները արդի հարցերի, առաջին հերթին Սիրիայում, լուծելու ուղղությամբ: Մենք համաձայնվեցինք, որ մեր ընդհանուր նպատակն է հաղաթանակը ԻՊ հանդեպ և խալիֆայության ստեղծման խափանումը, որը նրանք մտադիր են ստեղծել հսկայական տարածքներում»,- ասել է Լավրովը, հայտնում է Gazeta.ru-ն:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

Նախագահները քննարկել են նաև Ուկրաինայի թեման: Պուտինը պատմել է, որ ԱՄՆ մասնակցության ընդլայնումն ուկրաինական ճգնաժամում չի նախատեսվում, քանի որ Վաշինգտոնն առանց այդ էլ «ակտիվ մասնակցություն ունի»: Լրագրողների այն դիտարկմանը, թե ինչպես նա կմեբնաբանի այն, որ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն դուրս եկավ դահլիճից Պուտինի ելույթի ժամանակ, նախագահն ասաց, որ չի նկատել այդ դեմարշը, բոլորի ներկայությունը կարևոր էր իր համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---