«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության 21 ակտիվիստ բերման է ենթարկվել ԱԺ-ի մոտից

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության 21 ակտիվիստ բերման է ենթարկվել ԱԺ-ի մոտից

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի շենքի մոտից Սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվող «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության ակցիայի մասնակիցներից բերման է ենթարկվել 21 մարդ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են ոստիկանությունից:

Բերման ենթարկվածներին տարել են ոստիկանության Արաբկիրի բաժին:

Հոկտեմբերի 5-ին ԱԺ հերթական քառօրյայի նիստում քվեարկության է դրվել սահմանադրական բարեփոխումների նախագծի փոփոխված տարբերակը հանրաքվեին դնելու համաձայնություն տալու մասին օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 104 «կողմ», 10 «դեմ» և 3 «ձեռնպահ» ձայներով:

Նախաձեռնության ակցիայի մասնակիցներին ոստիկանությունը փորձում էր թույլ չտալ ԱԺ շենքի ցանկապատին ամրացնել կամ դրա մոտ պահել «Ո՛չ» գրությամբ պաստառներ, ցուցարարները չեն ենթարկվել, ինչը ոստիկանության հետ քաշքշուկի պատճառ էր դարձել:

Ոստիկանները, ի վերջո, ցանկապատից ուժով են հեռացրելն ակտիվիստներին ու ոմանց բերման ենթարկել:

ԱԺ դարպասների մոտ էին նաև «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը, որոնց Երևանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը բացատրել է, թե որ նախաձեռնության անդամները պետք է պաստառը դարպասներին փակցնելու մասին թույլտվություն ունենային քաղաքապետարանից:

Ոստիկանները նույնիսկ փորձում էին բերման ենթարկել պատգամավոր Մանուկյանին, սակայն մեքենայի մոտ հասցնելուն պես, նրանցից մեկն ասել է, որ պատգամավորը անձեռնմխելի է և իրավունք չունեն բերման ենթարկել: Ի վերջո, Մանուկյանն ու Օսիպյանը համաձայնության եկան, որ պաստառը կհանվի, գրում է Tert.am-ը:

Ավելի վաղ նախաձեռնության անդամներից Արշակ Մուսախանյանն ասել էր՝ չեն ակնկալում, որ այն պատգամավորները, որոնք «այո» են քվեարկելու, կփոխեն իրենց դիրքորոշումը։

«Նրանք միևնույն է՝ կքվեարկեն «այո», բայց մենք հասարակական ճնշում, հոգեբանական ճնշում կբանեցնենք նրանց վրա հանրահավաքով և նաև որոշակի քաղաքական գնահատականներ կտանք իրենց գործելակերպին», - ասել է նա:

Սահմանադրության փոփոխությունների նախագծին դեմ են քվեարկել Հայ Ազգային կոնգրես խմբակցության անդամներ Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը:

Դեմ են քվեարկել նաև ԲՀԿ-ից հեռացած Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը, Հեղինե Բիշարյանը:

Մասնավորապես, նախագծին կողմ են քվեարկել «Ժառանգություն» խմբակցության անդամներ Ռուբիկ Հակոբյանն ու Թևան Պողոսյանը: Կողմ է քվեարկել նաև Ալեքսանդր Արզումանյանը: Ինչ վերաբերում է 3 ձեռնպահ ձայներին, ապա դրանք եղել են ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանինը, Լևոն Դոխոլյանինը և Մհեր Շահգելդյանինը:

Սեպտեմբերի 17-ին «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնել է, որ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ամենայն հավանականությամբ կանցկացվի դեկտեմբերի սկզբին:

Ազգային ժողովը սեպտեմբերի 15-ին քվեարկությամբ հաստատել է և օրակարգ ներառել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել ՀՀ նախագահին: Նախագահը օգոստոսի 21-ին նախագիծը ՀՀ Ազգային ժողով է ուղարկել:

ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել ՀՀ նախագահին: Նախագահը օգոստոսի 21-ին նախագիծը ՀՀ Ազգային ժողով է ուղարկել:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում նախագահականից խորհրդարանական կառավարման:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---