Վենետիկի հանձնաժողովի նախագահ. Սահմանադրության փոփոխությունների նախագիծը համապատասխանում է միջազգային չափանիշներին

Վենետիկի հանձնաժողովի նախագահ. Սահմանադրության փոփոխությունների նախագիծը համապատասխանում է միջազգային չափանիշներին

PanARMENIAN.Net - ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հաշվի է առել Վենետիկի հանձնաժողովի նկատառումներից շատերը և ներկայացրել է առաջին տարբերակից ավելի հավասարակշռված փաստաթուղթ, որը նույնպես համապատասխանում է միջազգային չափանիշներին: Հոկտեմբերի 9-ին այդ մասին հայտարարել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուկիկիոն ՀՀ Սահմանադրության ընդունման 20-ամյակին նվիրված Երևանում ընթացող միջազգային կոնֆերանսի ժամանակ:

«Ուղղումների վերաբերյալ ևս 2 կարծիք Վենետիկի հանձնաժողովի հավանությունը կստանա ամսվա վերջում: Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունել է խորհրդարանը, և շուտով հայ ժողովուրդը կորոշի ընդունել թե մերժել նոր Սահմանադրությունը»,-ասել է Բուկիկիոն:

Ըստ Վենետիկի հանձնաժողովի նախագահի, համագործակցությունը Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ շարունակվում է երկխոսության մթնոլորտում: Նա նշել է, որ երկու հանձնաժողովների աշխատանքի փորձը բարեփոխումների վրա շատ արժեքավոր է, իսկ երկխոսության արդյունքը բեղմնավոր է:

Ներկայացնելով նախագծի հիմնական բնութագրերը` Բուկիկիոն հայտարարել է, որ այն ներառում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ժամանակակից ամբողջ շտեմարանը: Կառավարման խորհրդարանական համակարգի ընտրությունն ապահովում է ընդդիմության իրավունքները խորհրդարանում, ամրապնդում է Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը, իսկ կարևորագույն պետական մարմինների` ԿԸՀ-ի, հեռուստատեսության, ռադիոյի և Վերահսկիչ պալատի անկախությունը երաշխավորվում է սահմանադրության մակարդակով:

«Որպես արդյունավետ աշխատանքի օրինակ կնշեմ երկու կարևոր ուղղում, որոնք կապված են դատական իշխանության հետ: Առաջինը` ԱԺ-ն այլևս չի կարողանա մասնակցել դատավորների ազատմանն աշխատանքից, երկրորդը` դատավորներին պաշտոնից ազատելու բոլոր հիմնավորումները շարադրված են Սահմանադրության մեջ: Այդ դրույթները համապատասխանում են միջազգային չափանիշներին»,-ասել է նա:

Հոկտեմբերի 5-ին ԱԺ հերթական քառօրյայի նիստում քվեարկության է դրվել սահմանադրական բարեփոխումների նախագծի փոփոխված տարբերակը հանրաքվեին դնելու համաձայնություն տալու մասին օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 104 «կողմ», 10 «դեմ» և 3 «ձեռնպահ» ձայներով:

Սահմանադրության փոփոխությունների նախագծին դեմ են քվեարկել Հայ Ազգային կոնգրես խմբակցության անդամներ Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: Դեմ են քվեարկել նաև ԲՀԿ-ից հեռացած Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը, Հեղինե Բիշարյանը: Ինչ վերաբերում է 3 ձեռնպահ ձայներին, ապա դրանք եղել են ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանինը, Լևոն Դոխոլյանինը և Մհեր Շահգելդյանինը:

ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել ՀՀ նախագահին: Նախագահը օգոստոսի 21-ին նախագիծն ուղարկել էր ՀՀ Ազգային ժողով: Ազգային ժողովը սեպտեմբերի 15-ին քվեարկությամբ հաստատել և օրակարգ էր ներառել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---