26  15.10.15 - Հայ-իրանական գործարար համաժողովի բացումը

Իրանի փոխնախագահ․ ՀՀ-ն միակ հարթակն է իրանական ապրանքները ԵԱՏՄ արտահանելու համար

Իրանի փոխնախագահ․ ՀՀ-ն միակ հարթակն է իրանական ապրանքները ԵԱՏՄ արտահանելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանը միակ երկիրն է, որը, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, Իրանի համար կարող է հարթակ լինել իրանական ապրանքները միության երկրներ արտահանելու համար։ Ավելին, Հայաստանի և Իրանի միջև գործարար հարաբերությունները թույլ կտան իրանական արտադրանքի մի մասն արտադրել Իրանում, մյուս մասը՝ ՀՀ-ում, ապա արտահանել ԵԱՏՄ։ Նման հայտարարությամբ հանդես եկավ ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին՝ Երևանում անցկացվող հայ-իրանական գործարար համաժողովի ընթացքում։

«Տնտեսական հարաբերությունների զարգացման համար երկրների իշխանություններն ունեն քաղաքական կամք: Նկատի ունենալով այն, որ Հայաստանի գործարարաներն հրաշալի տիրապետում են Ռուսական և ԵԱՏՄ այլ շուկաներին, կարող են օգտակար լինել, որպեսզի իրանցի գործարարներն իրենց արտադրանքը արտահանեն դեպի այդ երկրներ»,-նշեց ԻԻՀ առաջին փոխնախագահը։

Նա նշեց նաև, որ Հայաստանը Իրանի համար կարող է ծառայել որպես տարանցիկ կարևոր գոտի․ Ջահանգիրին առանձնացրեց Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքը և Իրան-Հայաստան երկաթուղու նախագիծը։ Դրանք ոչ միայն երկկողմանի, այլև տարածաշրջանային ազդեցություն կարող են ունենալ։

«Երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները, գործարարների փոխադարձ այցերը կնպաստեն, որպեսզի Հայաստանի և Իրանի գործարարները ծանոթանան միմյանց տնտեսական հնարավորություններին։ Պետք է նշել, որ Հայաստանի գործարարների կողմից լավագույնս չի օգտագործվում սահմանագծում տեղակայված «Արաքս» ազատ առևտրի գոտին, որը բավականին մեծ նշանակություն ու կարևորություն ունի գործարարների և ներդրողների համար։ Այդ ուղղությամբ ևս ՀՀ գործարարները կարող են մասնակցել ու կատարել իրենց ներդրումները»,- հավելեց պաշտոնյան։

Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքով, այսօր, երբ ԻԻՀ նկատմամբ պատժամիջոցները մեղմացվել են ու պետք է վերացվեն 2016թ-ի հունվարից, համագործակցության դաշտին նոր տեսք են տալիս։ Առաջին նպատակը, որպեսզի եվրոպական շատ ապրանքներ, արտադրանքներ Հայաստանով տեղափոխվեն իրանական շուկա․Հայաստանի տարանցիկ դերը լինի երկկողմանի, ինչպես Բանդար-Աբբաս-Մեղրի իրանական տարածքն է օգտագործվում, այնպես էլ Փոթի-Բաթում տարածքը՝ իրանցիների համար ներկրման և արտահանման տարանցիկ ճանապարհ դառնա։

«Ժամանակը հետաքրքիր է այն իմաստով, որ իրավիճակներ են փոխվել համաշխարհային և տարածաշրջանային շուկաներում։ Պատահական չէ, որ ընդամենը մեկ ամիս հետո մենք նույնպես մեր ծրագրերը կներկայացնենք Թեհրանում՝ այս ստեղծվելիք հարաբերություններն ամրապնդելու և յուրաքանչյուրս մեր ներուժին համապատասխան գործընկեր գտնելու համար»,- ասաց Ղազարյանը՝ ի նկատի ունենալով հերթական հայ-իրանական գործարար համաժողովը, որը պետք է անցկացվի Իրանում։

Նա հավելեց, որ իրանական կողմը մեր անկախության 24 տարիների ընթացքում Հայաստանը հիմնականում դիտարկել է որպես սպառողական շուկա։

«Մենք շնորհակալ ենք, որ 90-ականներին իրանական ապրանքնեը օգնեցին մեզ ապրանքային սովը, ճգնաժամը հաղթահարելու։ Այսօր իրանական կողմը պետք է Հայաստանին դիտարկի, և դա ենք մենք փորձում ապացուցել, հասկացնել, որ սա ներդրումների և արտադրության հարթակ է, ոչ միայն սպառողական շուկա։ Արդեն երկրորդ տարին է, մեր միությունն է ավելի ակտիվ է աշխատում այս ոլորտում, ու գրեթե համոզմունք կա, որ այդպիսի գիտակցում նրանց մոտ ձևավորված է»,- նշեց գործարարների և արդյունաբերողների միության նախագահը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---