Թուրքիան Դոնբասից հազարավոր մեսխեթցի թուրքերի կվերաբնակեցնի Կարսում

Թուրքիան Դոնբասից հազարավոր մեսխեթցի թուրքերի  կվերաբնակեցնի Կարսում

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները մոտ 3 հազար մեսխեթցի թուրքերի կվերաբնակեցնեն երկրի արևելյան գավառներում` Կարսում և Էրզինջանում (Երզնկա), հայտնել է Anadolu գործակալությունը:

Մեսխեթցի թուրքերը կտեղափոխվեն Թուրքիա երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարգադրությամբ, որտեղ նրանց կհատկացվի կացարան: Մեսխեթցի թուրքերի 677 ընտանիքները տեղափոխվել էին Դոնեցկ և Սլավյանսկ Ուզբեկստանի Ֆերգանայի դաշտավայրից 1989 թ. իրադարձություններից հետո, հայտնում է Sputnik-ը:

1989թ. Ֆերգանայում մեսխեթցի թուրքերի ջարդերից հետո ավելի քան 16 հազար մեսխեթցի տարհանվեց Ռուսաստանի միջին գոտի։ Մեկուկես տարվա ընթացքում ավելի քան 90 հազար մեսխեթցիներ տեղափոխվեցին Ադրբեջան, Հյուսիսային Կովկաս, Ղազախստան, Ուկրաինա։

Այդ ընտանիքներն անօթևան են մնացել Դոնեցկում հակամարտության պատճառով:

Մեսխեթցի թուրքերի համաշխարհային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ֆուադ Ուչարը հայտնել է գործակալությանը, որ Թուրքիայի նախագահը մարտի 20-ին Ուկրաինա այցի ժամանակ ծանոթացել էր Մեսխեթցի թուրքերի համաշխարհային ասոցիացիայի նախագահ Զիյադդին Կասանովի զեկույցին և, համոզվելով, թե որքան վատ պայմաններում են նրանք ապրում, կարգադրել էր տեղափոխել նրանց Թուրքիա: Ենթադրվում է, որ վերաբնակեցումը պետք է ավարտվի մինչև տարեվերջ:

Ուչարը նշել է, որ 33 տուն կամ բնակարան է հատկացվել Կարսում, իսկ մյուսները կտեղավորվեն Էրզինջանում: «Հատկացված կացարանները թերություններ ունեն, որոնք կվերացվեն: Առաջին փուլում կտեղավորվի 150 ընտանիք, քանի որ բոլորին միանգամից ընդունել և տեղավորելն անիրական է»,-ասել է նա: Նշվել է նաև, որ Կարմիր մահիկի թուրքական կազմակերպությունը խոհանոց կկառուցի նրանց բնակեցման վայրերում, որպեսզի նրանք սկզբնական շրջանում ապահովված լինեն սնունդով: Նա ասել է նաև, որ որոշ ժամանակ անց վերաբնակներին Թուրքիայի քաղաքացիություն կտրվի:

Մեսխեթցի թուրքերը թյուրքալեզու մահմեդականներ են, որոնք ավանդաբար բնակվել են Խորհրդային Վրաստանի Մեսխեթի շրջանում,որտեղից էլ եկել է նրանց անվանումը։ Ըստ դավանանքի նրանք սունիներ են: 1944թ. մի շարք ժողովրդների, այդ թվում` մեսխեթցի թուրքերի բռնագաղթի արդյունքում 115,5 հազար մեսխեթցիներ տեղափոխվեցին Ուզբեկստան, Ղազախստան և Ղրղզստան: 17 հազարը մահացան ճանապարհին: Թուրքիայում գործում է հատուկ օրենք, որը հեշտացնում էր մեսխեթցիների ներգաղթը երկիր։ Նրանք հիմնականում բնակություն են հաստատում Թուրքիայի արևմուտքում գտնվող Բուրսա քաղաքում, Էրզրումում, Իգդիրում, Արդահանում։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---