Վրաստանի էներգետիկայի նախարար. Ադրբեջանը չի կարող բավարարել երկրի գազի պահանջարկը

Վրաստանի էներգետիկայի նախարար. Ադրբեջանը չի կարող բավարարել երկրի գազի պահանջարկը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը չունի այնքան ռեսուրսներ, որ կարողանա բավարարել Վրաստանի գազի պահանջարկն, ուստի Վրաստանին գազի լրացուցիչ ծավալ է հարկավոր Ռուսաստանից: Նման հայտարարություն է արել Վրաստանի փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն` անդրադառնալով ռուսական գազի գնման անհրաժեշտությանը, հայտնում է apsny.ge-ն:

«Ինչո՞ւ չկան լրացուցիչ ծավալներ: Այդ հարցը պետք է Ադրբեջանին տալ: Ուստի ես հարցնում եմ ձեզ, ինչո՞ւ է Ադրբեջանը պայմանագիր ձևակերպում «Գազպրոմի» հետ, եթե ունի այդ ծավալներն իր ներքին շուկայի համար: Չեմ կարող ասել, թե ինչ գին կլինի: Եթե այն ընդունելի լինի, մենք, հավանաբար, կիրագործենք նախագիծը»,-ասել է Կալաձեն:

«Մի կողմ թողնենք այն անառողջ էյֆորիան, որը վերջին շրջանում զգացվում է քաղաքական գործիչների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մոտ «Գազպրոմի» հետ աշխատանքային հանդիպման պատճառով: Ըստ Կալաձեի, «Գազպրոմի» հետ գործող պայմանագիրը ստորագրվել է 2003-ին, մինչ օրս 21 հավելում է արվել ժամկետի երկարացման և տարբեր տեխնիկական հարցերի կարգավորման վերաբերյալ: Ըստ նրա, վերոնշյալ ընկերության հետ արդեն մի քանի տարի է, ինչ և շփումներ կան, և պայմանագիր է գործում:

Նա նշել է, որ ըստ պայմանագրի, մի քանի տարի շարունակ ամենամյա հանդիպումներ են եղել, նաև Սահակաշվիլիի օրոք և մինչ այդ:

«Գազից բացի, որ ստացել ենք տարանցման դիմաց, նույնիսկ պատերազմից հետո լրացուցիչ ծավալներ ենք ստացել ՌԴ-ից: Սակայն, չգիտես ինչու այդ փաստերը մոռանում են և ոչ ոք չի խոսում դրա մասին: Քաղաքական բարոյականության ինչ-որ սահման կա, որը չի կարող անցնել նույնիսկ ամենասնանկ քաղաքական գործիչը կամ քաղաքական կուսակցությունը: Հասկանալի է, որ ընտրական տարի է գալիս և սնանկ քաղաքական գործիչներն ու կուսակցությունները կաշխատեն ինչ-որ կերպ հիշեցնել իրենց մասին»,-հայտարարել է Կալաձեն:

2015-ի հունվար-սեպտեմբերին Վրաստանն Ադրբեջանից ներկրել է մոտ 968 հազար տոննա գազ` մոտ $ 202 մլն, ինչը 25 միլիոնով ավելի է, քան նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Ադրբեջանը գազի հիմնական առաքիչն է այդ երկիր, բացի այդ Վրաստանը գազ է ստանում Ռուսաստանից որպես վճար դեպի Հայաստան գազի տարանցման համար` Մոզդոկ-Թբիլիսի-Հայաստան գազատարով: Ռուսաստանից գազի առաքումների վերսկսման հնարավորությունը սկանդալի պատճառ դարձավ Վրաստանում`նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմնակիցները մեղադրում են Վրաստանի իշխանություններին երկրի արևմտամետ քաղաքական կուրսը փոխելու մտադրության մեջ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---